Վ.Հովհաննիսյան. Մեր պատվիրակությունը հաջողել է Բաքվում, գնալը ճիշտ էր
Բաքվում «Եվրանեսթ» ԽՎ-ի 2-րդ լիագումար նիստին մասնակցած հայկական պատվիրակության անդամները ողջ-առողջ վերադարձել են Հայաստան.«Ես դրական եմ գնահատում «Եվրանեսթի» լիագումար նիստի կայացումը ու դրա արդյունքները, և նաև համարում եմ շատ ճիշտ ու արդարացված մեր պատվիրակության մասնակցությունը դրան»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Շնորհակալություն հայտնելով պատվիրակության բոլոր անդամներին խիզախության ու միասնական աշխատանքի համար, Վ.Հովհաննիսյանը խոսեց նաև նիստի մանրամասներից` տեղեկացնելով, որ հայկական պատվիրակությանը հաջողվեց որոշակի շեշտադրումներ ներառել բանաձևերում ու քննարկվող փաստաթղթերում:
Այնուհետ անդրադարձավ բյուրոյի հանդիպմանը նախագահ Ալիևի հետ, որը տեղի է ունեցել առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների ու, ըստ Վ.Հովհաննիսյանի, թերևս դրանով է բացատրվում, որ Ադրբեջանի նախագահը ընդհանրապես մոռացել էր Լեռնային Ղարաբաղի գոյության մասին` ոչ մի խոսք այդ մասին:
Իսկ հաջորդ օրը հայերը դարձան «ֆաշիստներ»«օկուպանտներ` նույն նախագահի մատուցմամբ.«Այս ելույթը շատ վատ ազդեցություն ունեցավ, ուղղակի սառը ցնցուղի արդյունք ունեցավ բոլոր պատվիրակների վրա: Ընդմիջմանը անգամ ադրբեջանցի պատգամավորներն էին մեզ մոտենում ու ասում, որ իրենց վրա էլ վատ ազդեցություն է թողել Ալիևի ելույթը»,- տեղեկացրեց ՀՅԴ-ական գործիչը` չբացահայտելով, սակայն, այդ պատգամավորների անունները:
Բանախոսի խոսքով` Ալիևը իր երկրի իմիջին այնպիսի քաղաքական հարված հասցրեց, որը հայկական պատվիրակությունը, որքան էլ ցանկանար, չէր կարող անել.«Ես համարում եմ, որ մեր պատվիրակությունը հաջողել է Բաքվում»,- հավելեց նա:
Նիստի ընթացքում հայկական պատվիրակությունը լրիվ մեկուսացված է եղել` ոչ միայն լրատվամիջոցների ներկայացուցիչներից, այլև եվրոպացի պատգամավորներից: Այդուհանդերձ, օգտագործելով «ընդհատակյա հեղափոխական հնարքները» պատվիրակության ղեկավար Վ.Հովհաննիսյանին հաջողվել է մեծ հարցազրույց տալ տեղի ԶԼՄ-ներից մեկին:
Իսկ մնացած առումով` հյուրընկալությունը, անվտանգության միջոցները, հյուրանոցի աշխատակիցների ու անգամ ժողովրդի վերաբերմունքը ամենևին էլ ագրեսիվ ու ատելի չեն եղել մեր պատվիրակության անդամների նկատմամբ.Դա միայն մի մարդու վերաբերմունքն ու ատելությունն է»,- շեշտեց նա: