Ի.Ալիևի ելույթը Եվրանեսթում` հաշվարկված քայլ, թե՞ նեղացվածության դրսևորում
Եվրանեսթում Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ հայկական մամուլի հրապարակումներում քիչ չեն այն կարծիքները, որ դա առնվազն հյուրընկալության էթիկայի և քաղաքավարության նորմերի խախտում էր, իսկ հայերին բնորոշումներ տալը` չարության և ատելության դրսևորում: Միաժամանակ այս ամենի գլխավոր հարցադրումն այն էր, որ ինչու այս անգամ էլ Ադրբեջանը չօգտվեց գոնե մեկ անգամ աշխարհի առջև քաղաքակիրթ երևալու հնարավորությունից, իր նախագահի խայտառակ ելույթով խարխլելով այս երկրի առանց այդ էլ ցածր հեղինակությունը:
Թեև հայկական պատվիրակությունը Բաքվում ի սկզբանե պատրաստ էր իրադարձությունների ցանկացած ընթացքի և արդյունքում արժանապատիվ կերպով արձագանքեց այդ ելույթին, բայց չգիտես ինչու բոլորը մի փոքր անակնկալի էին եկել այսպիսի սցենարից, երբ վեհաժողովի կուլմինացիոն պահ դառնում է Ալիևի ելույթը, ելույթ, որի մի մասը վերաբերվում է ադրբեջանական պետության հաջողություններին, իսկ մյուս մասը հակահայկական հայտարարություններին:
Նշենք, որ Ալիևի գրեթե բոլոր ելույթներն էլ այս տրամաբանությամբ են կառուցվում, զարմանալին այն կլիներ, եթե նա այլ բան ասեր և առավել ևս դահլիճը չլքեր (սովորաբար մի բանից նեղացած լինելու դեպքում է Ալիևը այդ վայրը արագ լքում): Այս ելույթն էլ առանձնակի ուշադրության չէր արժանանա, եթե այն չուղեկցվեր շատ խիստ վիրավորական բնորոշումներով հայ ժողովրդի վերաբերյալ:
Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում ընթացող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի կազմակերպիչները դժվար թե կանխատեսած չլինեին այսպիսի կուրիոզ վիճակների ստեղծում ադրբեջանցիների կողմից, դրա համար Բաքվից պետք է, որ նախօրոք լուրջ հավաստացումներ ստացած լինեին` հայկական պատվիրակության ֆիզիկական անվտանգության և հնարավոր սադրանքների բացառման նպատակով: Բաքուն էլ բնականաբար պետք է երաշխիքներ տված լիներ, որպիսի Եվրանեսթի վեհաժողովը Ադրբեջանում կայանար: Այստեղ բնականաբար հարց է առաջանում, թե ինչու Ադրբեջանը խախտեց իր տված երաշխիքները և այդ երկրի նախագահը գնաց արհեստական լարվածություն ստեղծելու ճանապարհով:
Նախ փորձենք տեսնել, թե ո՞րն է Ադրբեջանի դերը «Արևելյան գործընկերություն» ծրագրում: Հայտնի է, որ այս ծրագրի նպատակը Եվրամիության և մի քանի հետխորհրդային երկրների (Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան) միջև քաղաքական միավորման և տնտեսական ինտեգրացիայի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն և արագացումն է:
Մի շարք փորձագետերի կարծիքով, այն ոչ այնքան եվրոպական, որքան ամերիկյան նախագիծ է, որը Լեհաստանի և Շվեդիայի միջոցով փորձում է որոշակի աշխարհաքաղաքական խնդիրներ իրականացնել: Եթե Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի միջոցով փորձվում է Լեհաստանի, Հունգարիայի, Ռումինիայի համար Ռուսաստանի դեմ բուֆերային գոտի ստեղծել, ինչպես նաև դրանով խոչընդոտել ռուս-գերմանա-ֆրանսիական առանցքի ձևավորմանը, ապա Հարավային Կովկասի միջոցով փորձվում է տարանջատել Ռուսաստանը Թուրքիայից ու Իրանից:
Այս ծրագրի միջոցով ապահովում է նաև վերահսկողությունը Կասպից ծովի ու Կենտրոնական Ասիայի տարանցման ուղիների նկատմամբ, նվազեցնելով Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։ Այնուամենայնիվ, որքան էլ այն ամերիկյան նախագիծ լինի և բուֆերային գործոնի դեր հատկացված լինի այս երկրներին, եվրոպական առանցքային երկրները` Գերմանիան և Ֆրանսիան նույնպես ակտիվացնում են իրենց աշխատանքները այս ծրագրում, փորձելով արագացնել վերը նշված երկրների քաղաքական, մշակութային, գիտակրթական և տնտեսական ներմիավորումը Եվրոպային, տարբեր առիթներով հայտարարելով, որ Ադրբեջանից բացի մնացած մյուս 5 երկրները իրենց արժեհամակարգով համապատասխանում են եվրոպական չափանիշներին, դրանով ստորադասելով Ադրբեջանի նշանակությունը մյուս երկրների համեմատ:
Սակայն, այդ դեպքում, ո՞րն է Ադրբեջանին հատկացված դերը այս ծրագրում: Եվրոպային Ադրբեջանը միշտ էլ հետաքրքրել է, ոչ թե որպես եվրոպական մշակույթին ինտեգրվելու ունակ համակարգի, այլ մի դետալի, որը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացներում, որոշակի հանգամանքների բերումով ինչ որ նշանակության գործառույթներ է կատարում:
Նշենք, որ եվրոպացի քաղաքական գործիչները և վերլուծաբանները նույնպես դա չեն թաքցնում, նշելով` որ Ադրբեջանը ընդամենը Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը ապահովող օղակներից մեկն է: Ադրբեջանը, որը երկար ժամանակ հպարտացել է իր նավթով, հիմա էլ գազով, վերջապես սկսել է հասկանալ, որ աշխարհի համար Ադրբեջանի միակ արժեքը նախևառաջ դա նավթն է և գազը:
Աշխարհի և Եվրոպայի համար Ադրբեջանը դա ընդամենը նավթային ցիստեռն է, որից լիուլի օգտվում է աշխարհը, ոչինչ չտալով դրա դիմաց (չհաշված, որ հաճախ է աչք փակում Ադրբեջանում տեղի ունեցող որոշ աննորմալ երևույթների նկատմամբ): Ալիևը, չի կարողանում հասկանալ, թե ինչու նավթից և գազից զուրկ Հայաստանը ավելի կայուն արժեհամակարգ և ավելի բարձր ժողովրդավարություն ունեցող երկիր է ընկալվում եվրոպացիների կողմից, քան Ադրբեջանը: Եվ ոչ միայն Հայաստանը, նաև մյուս 5 երկրները, որոնք նույնպես աղքատ են էներգոռեսուրսներից: Ադրբեջանին միշտ թվացել է, որ Արևմուտքը շատ բանով է պարտական Ադրբեջանին, քանի որ հենց ադրբեջանական էներգակիրների օգնությամբ է Եվրոպան ազատվել ռուսական կախվածությունից, իսկ դրա փոխարեն ավելի են սրանում տարբեր Եվրակառույցների կողմից մեղադրանքները Ադրբեջանի հասցեին: Համարյա ոչ մի ոլորտում Ադրբեջանը դրական փոփոխության չի հասել, որոնք կարող են համապատասխանել եվրոպական հեռանկարներին, ահա սա է Եվրոպայի դատավճիռը:
Ադրբեջանը նավթային ցիստեռն է և ոչ ավելին, ահա սա է, որ վերջապես հասկացել է և հունից հանել է Ադրբեջանի նախագահին: Եվ այդ վրդովմունքն արտահայտվեց Եվրանեսթի ելույթում` հայերի նկատմամբ ագրեսիվ և գռեհիկ արտահայտություններով:
Սակայն, այն ուղերձ էր ուղղված ոչ թե հայերին, որքան`
ա. սեփական ժողովրդին` որով Ալիևը ցանկանում է ցույց տալ կոշտ պետական գործչի իմիջը,
բ. Եվրոպային` ցանկանալով ցույց տալ, որ Ադրբեջանը ինքնուրույն գործոն է և արդեն հասկացել է, որ ինքը այլևս նավթի պահեստարան չէ, որ կարող է եվրոպացիների թելադրած խաղի կանոններին չենթարկվել և ցանկացած պահի դուրս գալ այդ համագործակցությունից (բնականաբար Ալիևը բացահայտ ձևով չէր կարող այդքան բան հայտարարել), այսինքն էներգետիկ խաղաթղթի վրա Ալիևը փորձում է Եվրոպայի հետ նոր խաղ սկսել, պարզապես ցանկանում է բարձրացնել խաղադրույքները,
գ. Ռուսաստանին` հասկացնելով` որ Ադրբեջանը կարող է հրաժարվել իր եվրաինտեգրման քաղաքականությունից և արտաքին քաղաքականության վեկտորը նորից ուղղորդել դեպի Ռուսաստանը, դրանով ձախողելով «Արևելյան գործընկերության» ծրագիր,
դ. Միջազգային հանրությանը` «հակաֆաշիստի» դիմակով վարկաբեկելով հայ ժողովրդին կեղծ մեղադրանքներով, քաջ գիտակցելով, որ այս անգամ իր ելույթը մեծ լսարան կունենա և որոշակի ռեզոնանս կառաջացնի:
Ամփոփենք, որ Եվրանեսթում Ադրբեջանի նախագահի ելույթը սխալ հաշվարկված քայլ էր պայմանավորված նեղացվածության գործոնով, իսկ եվրոպացիների համար ևս մեկ անգամ առիթ էր համոզվելու, որ Ադրբեջանը շատ հեռու է Եվրոպայից և որ Ադրբեջանը միշտ էլ եղել է և կմնա բոլորի համար պարզապես նավթային ցիստեռն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա