Զատիկի նախօրեին ձվի շուկայում խնդրահարույց բան չկա. Գ. Սահակյան
Ձվի շուկայում ոչ մի գնային փոփոխություն չկա: Ամենօրյա վերահսկողության արդյունքներն ամփոփելով Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը: Նա հիշեցրեց, որ հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների նկատմամբ:
«Մենք վերահսկում ենք գերիշխողներին, ոչ գյուղացիական տնտեսություններին, որոնց թիվը հնարավոր է հասնում է հազարի: Օրենքը հնարավորություն է տալիս ուսումնասիրություն իրականացնել գերիշխող ընկերություններում, որոնց գնային քաղաքականությունն ազդում է շուկայի վրա»,-ասաց հանձնաժողովի մամուլի քարտուղարը:
Ձվի շուկայում այս պահին գերիշխող են չորս ընկերություններ` «Արաքս թռչնաֆաբրիկան», «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ն, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»-ն և «Արզնու տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան», որոնք միասին գրավում են շուկայի մոտ 86 տոկոսը:
«Այս պահի դրությամբ որևէ խնդրահարույց բան չկա, ձուն վաճառվում է նույն գնով, ինչ նախկինում»,-վստահեցրեց Գ. Սահակյանը, նշելով, որ տնտեսվարողները զգուշացվել են զերծ մնալ անհարկի գնային թանկացումից, հակառակ դեպքում պատիժը կլինի անխուսափելի:
Նշենք, որ այսօր միջազգային մամուլը հայտնել էր Եվրոպայում ձվի աննախադեպ թանկացման մասին: Մի քանի երկրներում գինը բարձրացել էր 76 տոկոսով:
Նախորդող հրապարակում`
Զատկի տոնին հավկիթի գների անհիմն բարձրացում չի լինի, կարծում են ՏՄՊՊՀ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա