Ոստիկանությունը չի ենթարկվել ու չի ենթարկվելու սադրանքների. Տեսանյութեր Մաշտոցի պուրակից (տեսանյութեր)
Ոստիկանությունն այսօր հերթական անգամ Մաշտոցի պողոտայի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.
«Մաշտոցի պողոտային հարող այգում սույն թվականի մարտի 31-ին, ապրիլի 3-ին և 4-ին տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես, դրանց ընթացքում հավաքների և այլ միջոցառումների առանձին մասնակիցների դրսևորած վարքագծի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը անհրաժեշտ է համարում հայտարարել հետևյալը.
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված խնդիրների սահմաններում ՀՀ ոստիկանությունը հիշյալ այգում իրականացրել և իրականացնում է իր ընթացիկ գործառույթները: Հավատարիմ մնալով իր գործելակերպին և իր գործունեության մեջ պահպանելով օրինականության, անձի իրավունքները և ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու և մարդասիրության սկզբունքները՝ ՀՀ ոստիկանությունը շարունակաբար ձեռնպահ է մնացել լարվածություն առաջացնող գործողություններ կատարելուց, այդ թվում՝ վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու իր իրավունքն իրացնելուց:
Սակայն նման պայմաններում, հակառակ իրավախախտումներ կատարելուց ձեռնպահ մնալու բազմաթիվ կոչերին, հավաքների և այլ միջոցառումների առանձին մասնակիցներ դրսևորել են հակաիրավական վարքագիծ, ինչն առնվազն անհամատեղելի է նախկինում նրանց կողմից հնչեցված բնապահպանական նպատակների և խաղաղ հավաքների ազատության հետ:
տեսանյութ 1
Սակայն նույնիսկ այդ դեպքերում ոստիկանների գործողությունները կրել են բացառապես կանխարգելիչ բնույթ, եղել ընդգծված զուսպ և հանդուրժող:
տեսանյութ 2
Այդուհանդերձ, ՀՀ ոստիկանությունն անթույլատրելի է համարում ցանկացած անձի կողմից ցանկացած իրավիճակում միջանձնային բախումներ հրահրելուն ուղղված գործողությունները, ինչպես և ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կանոններին չենթարկվելու սադրիչ հորդորները:
տեսանյութ 3
Ոստիկանությունը չի ենթարկվել ու չի ենթարկվելու սադրանքների և շարունակելու է ապահովել վարչական իրավախախտումների ու հանցագործությունների նախականխումը, կանխումը և խափանումը, հասարակական կարգի ու հասարակական անվտանգության պահպանությունը, սեփականության իրավունքի պաշպանությունը, որի համար կանխարգելիչ միջոցներից բացի իրավասու է ձեռնարկել նաև խափանող կամ կասեցնող բնույթի գործողություններ:
Մաշտոցի պողոտային հարող այգում անցկացվող հավաքների և այլ միջոցառումների բնութագրական առանձնահատկությունն է դարձել նաև այն, որ միջազգային լավագույն փորձին համահունչ՝ ՀՀ ոստիկանության կողմից հրավիրվող ,,կլոր սեղանների,, մասնակցելու և շահագրգիռ քննարկումներ անցկացնելու փոխարեն, որոշ ակտիվիստներ նախընտրում են ծառայություն իրականացնող ոստիկաններին իրավական բնույթի հարցադրումներ անելու միջոցով հանրության մեջ նրանց գործողությունների ոչ իրավաչափության պատրանք ստեղծել: Մինչդեռ ցանկացած պետական մարմնի, այդ թվում՝ ոստիկանության գործողությունների կամ անգործության հետ համաձայն չլինելու դեպքում յուրաքանչյուրն ազատ է դրանք վիճարկել վերադասության կամ դատական կարգով:
ՀՀ ոստիկանությունը անհրաժեշտ է համարում հորդորել Մաշտոցի պողոտային հարող այգում անցկացվող հավաքների և այլ միջոցառումների կազմակերպիչներին (մասնակիցներին) հանրային ուշադրության նվաճումը չկառուցել ՀՀ ոստիկանության հետ հակադրման (հակամարտության) փորձերի վրա: Քաղաքացիական որևէ նախաձեռնություն, որքան էլ դրական և առաջադեմ լինի, չի կարող ծառայել իր նպատակին, եթե իրացվում է օրենքն անտեսելու, իրավապահ մարմինների հետ համագործակցությունը կամ երկխոսությունը ժխտելու ձևաչափով:
տեսանյութ 4
Բնապահպանական կամ ցանկացած այլ իրավունքի պաշտպանություն դատապարտված է ձախողման, եթե իրականացվելու է իրավունքի հանրաճանաչ սկզբունքների խախտման և այլոց իրավունքների ու ազատությունների ոտնահարման եղանակով:
ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ կոչ է անում դրսևորել ողջամտություն, ձեռնպահ մնալ քաղաքացիական իրավունքները չարաշահելուց և հանրության անդամներին նրանց ենթադրյալ իրավունքների և դրանց իրականացման հետևանքների վերաբերյալ թյուր պարզաբանումներ տալուց: Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը ստիպված կլինի իրավական նախադրյալների առկայության դեպքում և օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում չեզոքացնել անօրինական գործողության կամ անգործության վերածված ցանկացած ոչ իրավաչափ մտադրություն՝ իրավիճակից թելադրվող պիտանի, անհրաժեշտ և չափավոր բոլոր միջոցներով»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա