Քադաֆիի որդու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել` ուղտերի անօրինական ներմուծման համար
Լիբիայի նոր իշխանությունները մեղադրանք են առաջադրել երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ-Իսլամի նկատմամբ, ով ներկայումս գտնվում է բանտում: Բրիտանական «The Daily Telegraph» պարբերականը, հղում անելով Լիբիայում «Human Rights Watch» կազմակերպության ներկայացուցիչ Քենեթ Ռոթին, գրում է, թե Սեյֆ ալ-Իսլմաի նկատմամբ կարողացել են առաջադրել ընդամենը երկու մեղադրանք, որոնք, ի դեպ, չեն առնչվում երկրում քաղաքացիական պատերազմի ամիսներին Քադաֆիի որդու գործունեությանը:
Առաջադրված մեղադրանքներն են՝ ուղտերի անօրինական ներմուծում և ձկնաբուծության տնտեսության կանոնների խախտում:
Իրավապաշտպանների կարծիքով, Մուամար Քադաֆիի որդուն նպատակահարմար է փոխանցել Հաագայի միջազգային քրեական դատարանին, որը կկարողանա վերջինիս գործով առավել արհեստավարժ մոտեցում ցուցաբերել:
Միաժամանակ, լիբիական իշխանությունները հրաժարվում են Սեյֆ ալ-Իսլամին միջազգային դատարանին հանձնելու գաղափարի քննարկումից, հայտարարելով, թե վերջինս դատվելու է Լիբիայում:
Պարբերականը նշում է, թե լիբիական պատերազմի ամիսներին Սեյֆ ալ-Իսլամը ռազմական գործողություններին մասնակցություն չի ունեցել և չի ղեկավարել որևէ զինվորական միավորում: Փոխարենը՝ ալ-Իսլամը եղել է «վարչակազմի դեմքը», հաճախ հարցազրույցներ ու մամուլի ասուլիսներ է տվել, ներկայացնելով հոր վարչակազմի դիրքորոշումը, ինչի համար արժանացել է Քադաֆիի ընդդիմադիրների ատելությանը: