Ռուբեն Հայրապետյան. «Միջոցներ չենք խնայի «Հրազդան» մարզադաշտի համար» (տեսանյութ)
Հատկապես տարեց սերնդի ներկայացուցիչների` «Հրազդան» մարզադաշտի հետ կապված հիշողությունները կապված են «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակների հետ: Պատմություն ունեցող այդ մարզադաշտում այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում: Հուրախություն հայ երկրպագուների` մարզադաշտին նոր շունչ ու թարմություն կհաղորդվի, որը կնպաստի հայկական ֆուտբոլի նոր հաղթանակներին:
Կատարվող աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով «Հրազդան» մարզադաշտ էր այցելել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Նա զրուցեց շինարարությունն իրականացնող անձանց և լրագրողների հետ: Հայրապետյանը շրջեց տեղանքում, հետևեց աշխատանքների ընթացքին ու տեղեկացրեց, որ լուսավորության, հանդերձարանների, զուգարանների, խոտածածկի և վերանորոգման այլ աշխատանքների հետ միասին կկառուցվեն նաև հատուկ նստատեղեր` հաշմանդամների համար:
«Առաջին փուլում նախատեսված է վերանորոգել հանդերձարանները, հանրային զուգարանները:
Աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Իսկ մայիսից կփոխվեն խոտածածկն ու լուսավորությունը: Կփորձենք այդ ամենն անել` մինչ Բելառուսի ընտրանու հետ կայանալիք ստուգողական հանդիպումը: Եթե ոչ, Իտալիայի հավաքականի հետ խաղին մարզադաշտը հաստատ պատրաստ կլինի: Այսօր կամ վաղը Իտալիայից կժամանեն մասնագետներ, և կփորձենք կարգավորել նաև լուսատախտակների խնդիրը: Մարզադաշտը կհամապատասխանեցվի ՖԻՖԱ-ի բոլոր պահանջներին, և այստեղ հնարավոր կլինի անցկացնել միջազգային ցանկացած հանդիպում: «Հրազդան» մարզադաշտը հզոր կառույց է, և անգամ 30 հազար հանդիսականի դեպքում այն դատարկ է թվում: Տա Աստված, որ մեր հավաքականն այնքան լավ հանդես գա, որ մի օր փոքր թվա ֆուտբոլասերների համար:
Ինչ վերաբերում է ծախսերին, ապա ստույգ թիվ նշել չեմ կարող, քանի որ լինում են նաև չնախատեսված ծախսեր: Հաջորդ տարի կփորձենք լուծել ծածկի հարցը, որի համար կծախսվի մոտ 10-15 մլն դոլար: Միջոցներ չենք խնայի «Հրազդան» մարզադաշտի համար»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
ՀՖՖ նախահագը նաև ավելացրեց, որ ինքը դեմ է մարզադաշտում ցանկացած այլ միջոցառումների անցկացմանը` ավելացնելով նաև, որ այդ հարցն իրեն չէ, որ պետք է տրվի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում