Վիկտոր Բուտին դատապարտել են 25 տարվա ազատազրկման
ԱՄՆ Նյու-Յորքի քաղաքային դատարանը նախօրեին 25 տարվա ազատազրկման է դատապարտել ռուս գործարար Վիկտոր Բուտին: «Ասոշիեյթիդ Պրես» գործակալության տեղեկացմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավելի վաղ դատախազը Բուտի համար պահաջնել էր ցմահ ազատազրկում, դատարանի որոշումը նվազագույն ազատազրկման ժամկետն է:
Նշենք, ռուս գործարար Վիկտոր Բուտի աղմկահարույց գործը մեծ արձագանք էր ստացել 2010 թ-ին, երբ ամերիկյան իշխանությունների պահանջով և ի հեճուկս ռուսական կողմի հորդորների, Թայլանդը էքստրադիցիայի ենթարկեց Բուտին ԱՄՆ: Այդ երկրում ռուս գործարարին մեղադրում էին կոլումբիական FARC խմբավորմանը զենք և զինամթերք վաճառելու համար, ինչը, ըստ մեղադրող կողմի, կիրառվելու էր ամերիկացի զինվորականների դեմ: Գործարարն՝ ինքը հերքել էր իրեն վերագրված բոլոր մեղադրանքները:
ՌԴ ԱԳ գերատեսչությունն արդեն քննադատել է դատարանի որոշումը, այն որակելով որպես «քաղաքական պատվեր»: Բացի այդ, Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտնել են, թե Բուտի գործը լինելու է ռուս-ամերիկյան օրակարգի առաջնահերթություններից, և որ ռուսական կողմն ամեն ինչ անելու է իր քաղաքացուն հայրենիք վերադարձնելու համար: