Թուրքիայում սպանված հայ զինվորի գործով դատավճիռն ակնկալվում է ապրլի 7-ին
Անցած տարի ապրիլի 24-ին սպանված թուրքական բանակի հայազգի ժամկետային զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի գործով դատը, ըստ թուրքական «Bianet» լրատվական կայքի, կայանալու է վաղը` Դիարբեքիրի ռազմաօդային ուժերի զինվորական դատարանում:
Սևակին սպանած նրա ծառայակիցը` Քըվանչ Աղաօղլուն հարուցված քրգործով անցնում է որպես գլխավոր մեղադրյալ: «Հանուն Սևակի, հանուն արդարության» նախաձեռնող խումբը տարածել է հաղորդագրություն, ըստ որի, վաղը կայանալիք 5-րդ դատալսումը կավարտվի դատավճռով:
«Սպանությունից հետո անցել է գրեթե մեկ տարի: Մարդասպանը դեռ չի դատապարտվել: Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին կատարված ռասիստական սպանության ետևում կանգնած ուժերն ու հանգամանքները դեռ մնում են ստվերում: Ակնկալում ենք, որ վաղվա դատավճիռն արդարացի կլինի»,- ասված է հաղորդագրությունում: