Շ. Ազնավուր. Որովհետև ես սիրում եմ ապրել
«Որովհետև ես սիրում եմ ապրել»,- առանց որևէ վայրկյան մտածելու պատասխանել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Նյու Յորքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այն հարցին, թե՝ «ինչո՞ւ եք դու դեռ բեմում և ելույթ եք ունենում հանդիսատեսի առջև, այն դեպքում, երբ Ձեր տարիքի շատ մարդիկ նախընտրում են հանգիստ կյանքը՝ առանց սթրեսների»:
«Իտառ-Տասսի» փոխանցմամբ, Շ. Ազնավուրը Նյու Յորքում է, քանի որ այնտեղ նա երեք համերգ է ունենալու: Վերջին անգամ երգիչը Նյու Յորքում համերգ է ունեցել երեք տարի առաջ՝ այսես կոչված հրաժեշտի շրջագայության շրջանակում:
Նախօրեին կայացած ասուլիսում նա հայտարարել է, որ ոչ առաջիկա համերգն է լինելու հրաժեշտի, ոչ էլ նախորդ է եղել իրականում: «Այդ տերմինը հորինել է լրագրողներից մեկը, ում, ըստ ամենայնի, ես ձանձրացրել եմ: Բայց նրա մոտ ոչինչ չի ստացվի՝ ես դեռ այստեղ եմ»,- ժպիտով պարզաբանել է երգիչը:
Աղբյուրը նշում է, որ չնայած պատկառելի տարիքին (մայիսի 22-ին Ազնավուրը կդառնա 88 տարեկան), մեծն շանսոնյեն հիանալի տեսք է ունեցել և պահպանել է անկրկնելի հմայքը:
Նա պատմել է, որ իր երազանքներից է երգել Կարմիր հրապարակում, հունական Ակրոպոլիսում և եգիպտական բուրգերի մոտ:
Ազնավուրի խոսքով, ներկա պահին համագործակցում է մի շարք երիտասարդ երաժիշտների հետ: «Ես նրանց հետ դուետներ եմ կատարում՝ ռեփ, սլեմ և երաժշտական այլ ժանրերով: Ես համագործակցում եմ երիտասարդ մարդկանց հետ, որոնց երաժշտական մշակույթը տարբերվում են մերինից: Իհարկե, ես նրանց վրա ազդեցություն եմ գործում, բայց ոչ երաժշտության բնագավառում: Նրանք ընդունում են ինձանից այն, թե ինչպես եմ ես կառուցել իմ կարիերան, ինչպես եմ պահում ինձ կյանքում»,- ասել է երգիչը: Նա ընդգծել է, որ երբևէ իր կարծիքը չի թելադրում երիտասարդ երաժիշտներին. «Ոչ մի խորհուրդ: Ես ատում եմ խորհուրդ տալը»: