Վերադարձ առ Աստված. Այսօր երեկոյան կսկսվեն զատկական տոնակատարությունները
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը 5 տաղավար տոներից մեկն է: Լրագրողների հետ հանդիպմանը օրվա խորհուրդը ներկայացրեց Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:
Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մուտքը մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր:
Տեր հայրը մեջբերեց այն երկու հրեշտակների խոսքերը. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ»:
«Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է ավետման տոնը: Նրա հարությունը ճշմարտություն է և նրա առաքելությունը կատարված է: Ժողովուրդը միշտ էլ գույներով է զարդարել ցանկացած եկեղեցական տոն»,-նկատեց քահանան:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս.Գրիգոր Տաթևացու՝ Զատկին են ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ»:
Քահանա Հայրապետյանն ընդգծեց, որ Զատկի տոնը մեր հավատքի հիմքն է: Նա ցավով նշեց, որ այսօր մարդիկ ավելի շատ դարձել են կենցաղային. «Մարդիկ ավելի շատ հետաքրքրվում են, թե ե՞րբ պետք է ներկել ձուն, արդյոք պե՞տք է ձուն ներկել, երբ ընտանիքում նոր մահացած մարդ կա, ի՞նչ խորհուրդ ունի կարմիր գույնը»: Նա ավելացրեց, որ այնուամենայնիվ, կենցաղը պարզապես պետք է զարդարի հավատքը:
Նշենք, որ Սբ. Հարության տոնի նախընթաց երեկոյան՝ այսօր, եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում Սբ. Պատարագ:
Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի, Մեզ և Ձեզ մեծ ավետիս»:
Հիշեցնենք, որ այսօր Ավագ շաբաթն է: Դժոխքի ավերում, Ճրագալույցի Սբ. Պատարագ: Քրիստոսը մահից հետո իջավ դժոխք, ավերեց այն` փրկություն շնորհեց արդարների հոգիներին: Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ: Հընթացս Ճրագալույցի Սբ. Պատարագի, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը, վերջանում է նաեւ Մեծ Պահքը: Սբ. Պատարագից հետո կատարվում է Սբ. Հաղորդության նախատոնակ: Ճրագալույցի Սբ. Պատարագի սկիզբը ժ. 18.00-ին:
Վաղը` Կիրակի: Սուրբ Զատիկ: Հարություն Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի: Տոնական Սբ. Պատարագ: Սկիզբը ժ. 11.00-ին:
Ապրիլի 9 Երկուշաբթի: Ննջեցյալների հիշատակության օր` Մեռելոց: Սբ. Պատարագ և ընդհանուր հոգեհանգիստ: Սկիզբը ժ. 10.30-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները