ՀԱԿ-ի իրական թիրախը ՀՀԿ-ն չէ՞
Անդրադառնալով ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե առաջիկա ընտրություններում ՀԱԿ-ի հիմնական թիրախը ՀՀԿ-ն է` «Голос Армении»-ն գրում է, որ չնայած ՀԱԿ-ի անընդհատ կրկնվող «մեսիջներին», թե իբր իրենք մրցակցում են միմիայն ՀՀԿ-ի, այլ ոչ թե ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» կամ ՕԵԿ-ի հետ` այսօրվա Հայաստանի ընտրողն այնքան էլ միամիտ չէ. «Շատ զավեշտալի կլիներ տեսնել, թե ինչպես է ՀԱԿ-ն այս կամ այն ընտրատարածքում սատարում ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի կամ «Ժառանգության» թեկնածուին»,-գրում է թերթը:
Ինչպես նշում է «ГА»-ն, ՀԱԿ-ի այս հայտարարության ճշմարտացիությանը չեն հավատում ո´չ ընդդիմության և ո´չ էլ իշխանական քաղաքական ճամբարում, իսկ «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանն էլ արդեն մեղադրել է ՀԱԿ-ին` իշխանության հետ «կուլիսային» բանակցությունների գործընթացի մեջ: Բացի այդ` հոդվածագիրը նկատում է, որ ընտրազանգվածի համար իրական պայքարը ծավալվելու է հենց ընդդիմադիր կուսակցությունների և մեկ «իշխանամետ ընդդիմադիր» կուսակցութան` ԲՀԿ-ի միջև: ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» փորձելու են իրենց կողմը գրավել ՀԱԿ-ից հիասթափված ընդդիմադիր լսարանը, իսկ վերջինս էլ փորձելու է գրավել կառուցողական ընդդիմության զանգվածը: