ՀՀ վարչապետ. Իրանի շուրջ զարգացումները հայ-իրանական նախագծերը չեն հետաձգել
Հայաստան-Իրան երկաթուղու և նավթատարի ծրագրերի իրականացումն Իրանի շուրջ զարգացումների ֆոնին չի հետաձգվել: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսական «Գազետա.ռու» էլեկտրոնային պարբերականին տված հարցազրույցում:
Ռուս լրագրողի հարցին, թե ինչ հեռանկարներ ունեն Հայաստան-Իրան երկաթուղու և նավթատարի նախագծերը, և արդյոք Իրանի շուրջ զարգացումները դրանց իրականացումը հետաձգե՞լ է, վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է.
«Ոչ չեն հետաձգել: Այս երկու նախագծերն առաջ են ընթանում: Մենք փոխըմբռնման հուշագիր ենք ստորագրել Իրանի հետ: Իրանական կողմն իր վրա պարտավորություն է վերցրել կառուցել ճյուղավորումն իր տարածքում: Կառուցման աշխատանքների իրականացման շուրջ մենք բանակցում ենք ներդրողների հետ, այս նախագծի շուրջ շատ սերտ շփվում ենք «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության հետ, այն մանրամասն մշակել ենք, ռուս մասնագետները մեզ օգնել են տնտեսական հաշվարկների հարցում: Եվ մենք շնորհակալ ենք տեխնիկական այն աջակցության համար, որ ռուսական կողմը ցուցաբերել է մեզ: Առաջ են ընթանում նաև նավթային ապրանքների խողովակաշարի նախագծի աշխատանքները»:
«Այսօր մենք Իրանի հետ իրականացնում ենք բարձրավոլտ հոսանքի հաղորդման գծի կառուցման նախագիծ, որը հնարավորություն կտա մեծացնել Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները, ինչպես նաև երկու երկրների սահմանին էլեկտրակային կառուցման նախագիծը: Մեր բոլոր ծրագրերը գտնվում են իրականացման փուլում»,- հավելել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով թղթակցի հարցին, թե ինչ ժամկետների մասին է խոսքը` Տիգրան Սարգսյանն ասել է. «Էլեկտրակայանի կառուցումն այս տարի արդեն իրականացվում է: Բարձրավոլտ հաղորդման գծի կառուցման մեկնարկը նույնպես այս տարի կտրվի: Խողովակաշարի հարցում այս տարի կավարտվեն տեխնիկական բնութագրի աշխատանքները, և հուսով ենք` պայմանագիր կկնքենք երկաթուղու կառուցման ներդրողների հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան