Տիմոշենկոյին կասկածում են երեք սպանություն պատվիրելու համար
Ուկրաինայի դատախազությունը ստուգում է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի և Պավել Լազարենկոյի կապը պատվիրված երեք սպանությունների հետ. այս մասին «Ինտեռ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալը:
Ըստ այդմ, կան կասկածներ, որ գործարար-պատգամավոր Եվգենի Շերբանի և Ազգային բանկի նախագահ Վադիմ Գեթմանի սպանությունները կազմակերպվել են նախկին վարչապետ Պավել Լազարենկոյի կողմից, ով գործել է «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» ընկերության շահերից ելնելով, որն էլ վերահսկում էր Տիմոշենկոն:
Դատախազի տեղեկալը հայտարարել է նաև, որ նախկին երկու պաշտոնյաներին կասկածում են հայտնի գործարար Ալեքսանդր Մոմոտի սպանության համար, քանի որ վերջինիս շահերը ևս բախվում էին տիկին Տիմոշենկոյի շահերի հետ:
«ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ եթե ապացուցվի Տիմոշենկոյի կապը տվյալ սպանությունների հետ, ապա նրան կառաջադրվի մեղադրանք և գործը կուղարկվի դատարան: Իսկ եթե ապացույցներ չգտնվեն, ապա դատախազի տեղակալը պատրաստ է բարձրաձայն, ողջ Ուկրաինայի առաջ ասել, որ ոչ մի բան էլ չի ապացուցվել ու քրեական գործը կկարճվի: