Կ.Աճեմյան. Ընտրակաշառքի մասին լուրերը իրականում հիմքեր չունեն
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ հրավիրված ասուլիսը չէր կարող քաղաքական անցուդարձին չանդրադառնալ: Բանախոսները կին քաղաքական գործիչներն էին` «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն ու ՀՅԴ-ական Ռուզան Առաքելյանը:
«Լուրեր են տարածվում, բայց իրականում ես չեմ կարծում, թե դրանք հիմքեր ունեն և ՀՀԿ-ական իմ գործընկերները ևս զարմանում են»,- անդրադառնալով նախընտրական ընտրակաշառքների մասին տարածվող լուրերին ու մասնավորապես նրան, որ ՀՀԿ-ն երկու օր է մայրաքաղաքի տարբեր համայնքներում ձու է բաժանում նշեց ՀՀԿ-ական Կ.Աճեմյանը:
Տիկին Բախշյանն էլ արձագանքեց, որ քանի օր է շարունակ ահազանգում է նմանատիպ դեպքերի մասին, անգամ իր հայտարարության հիման վրա տպագրված հրապարակման հետքերով, որում նա անձանց անուններն է ներկայացրել, դատախազությունում նյութեր են պատրաստվել, բայց. «Դատախազությունն ինձ ասաց` տիկին Բախշյան, մենք այդ անձանց տեսել ենք, զրուցել ենք, նրանք հրաժարվում են, որ գումար են բաժանել»,- պատմեց նա` ակնարկելով, որ բնական է կհրաժարվեին, ո՞վ կխոստովաներ, որ անօրինական գործողություն է կատարել:
Իսկ դաշնակցական պատգամավոր Ռուզան Առաքելյանն էլ նշեց, թե ինչ նվեր էլ որ բաժանվի, ցանկացած քաղաքական ուժ նախևառաջ պետք է մտածի, որ հանկարծ չվիրավորի հայ կնոջ արժանապատվությունը:
Ինչ վերաբերում է օրվա խորհրդին` կանանց մասին խոսելով բանախոսները կարծես համակարծիք էին` պետք չէ ընկնել զուտ քանակ ցույց տալու հետևից ու միայն այդ նպատակով կանանց ներքաշել քաղաքականություն, քանզի կարևորը որակն է: Իսկ որ կինը համապատասխան ռեսուրսն ունի լինել ոչ միայն պատգամավոր, գյուղապետ կամ նախարար, այլև երկրի վարչապետ` որևէ մեկը կասկած չունի: