«Վերածնունդը շարունակվում է» կարգախոսի ներքո մեկնարկելու է «Վերածնունդ» միջազգային չորրորդ մրցույթ-փառատոնը
Գյումրիում այսօր մեկնարկում է «Վերածնունդ» միջազգային չորրորդ մրցույթ-փառատոնը, որն անցկացվում է «Վերածնունդը շարունակվում է» կարգախոսի ներքո: Մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել 1365 հոգի` աշխարհի 25 երկրներից` երաժիշտ-կատարողներ ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից, ԼՂՀ-ից, Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Հունաստանից, Ուզբեկստանից, Լիտվայից, Ֆրանսիայից, Էստոնիայից, Բելառուսից, Լիբանանից, Լատվիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Լյուքսեմբուրգից, Հարավային Օսիայից, Բուլղարիայից, Լեհաստանից, Սիրիայից, Իսպանիայից, Իսրայելից: Մրցույթ-փառատոնի բոլոր 9 անվանակարգերի ժյուրիներում ընդգրկված են աշխարհում հայտնի այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են` Անաստասիոս Պապասը (դաշնամուր), Ժան Տեր-Մերկերյանը (լարային գործիքներ), Օլավի Կասեմաան (փողային գործիքներ), Ալիռեզա Շաֆախի Նեյժադը (կամերային անսամբլ), Մարկ Գուլեգինը (մեներգեցողություն), Վալերի Գրոխովսկին (էստրադային-ջազային երգեցողություն), Նինա Վորոնան (ազգային երգեցողություն), Գաբնիս Էդուարդասը (ժող. գործիքներ), Ալեքսեյ Լարինը (կոմպոզիցիա) և ուրիշներ:
Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են` ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: Մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Մրցույթ-փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Փառատոն-մրցույթի հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 10-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Մրցանակակիրների և դափնեկիրների շքահամերգը կկայանա Գյումրիում, ապրիլի 19-ին: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև վարպետության դասեր: Փառատոնի օրերին` ապրիլի 15-17-ը կանցկացվի նաև գիտաժողով «Մշակույթների երկխոսություն» թեմայով, «Մշակույթների երկխոսությունը արդի աշխարհում» կլոր սեղան, կբացվեն Երվադ Քոչարի «Սասուցի Դավիթ« գրքի ձևավորման գծանկար աշխատանքների, գյումրեցի ժամանակակից գեղանկարիչներ Անժելա Մանվելյանի և Վահան Թոփչյանի գործերի ցուցահանդեսները:
Նշենք, որ փառատոնը Գյումրիում անցկացվում է 2007 թ.-ից (2009 թ. այն դարձել է միջազգային) և կոչված է նպաստելու հանրապետությունում երաժշտարվեստի զարգացմանն ու մասսայականացմանը, երեխաների երաժշտական ճաշակի ձևավորմանն ու գեղագիտական դաստիարակությանը, ինչպես նաև ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում, Սփյուռքում շնորհալի երաժիշտ-կատարողների հայտնաբերմանը: