Փորձագետ. Ստորագրված ցուցակները թեև գաղտնի են, բայց վստահված անձինք կարող են ծանոթանալ դրանց ու գրառումներ կատարել
«Այո, ընտրական օրենսգրքի 11 հոդվածը սահմանում է` ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում և տեսանկարահանվում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ սահմանդրական իրավունք ամբիոնի դոցենտ Էդգար Շաթիրյանը:
Անդրադառնալով այն գնահատականներին, թե այդ ցուցակների գաղտնի լինելու պատճառով հնարավոր չի լինի պարզել` ով է մասնակցել քվեարկությանը, ով` ոչ, իրավագետը չհամաձայնեց դրանց հետ: Նրա խոսքով` թեև ստորագրված ցուցակները պատճենահանել չի կարելի, այնուամենայնիվ վստահված անձինք իրավունք և հնարավորություն ունեն ծանոթանալու ընտրողների ցուցակներին մինչ քվեարկության օրը, նաև ստորագրելուց հետո:
Մատնացույց անելով Ընտրական օրենսգրքի 33-րդ հոդվածը, որտեղ սահմանված են վստահված անձի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները, Է. Շաթիրյանը նշեց, որ վստահված անձինք իրավունք ունեն քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ ինքնուրույն կատարելու քաղվածքներ ընտրողների ստորագրած ցուցակներից:
Նշենք, որ ԸՕ 33 հոդվածի 2-րդ կետի համաձայն, վստահված անձը իրավունք ունի «անարգել ծանոթանալու քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, ընտրական հանձնաժողովների որոշումներին, նիստերի արձանագրություններին, դատարանի համապատասխան վճիռներին, լիազոր մարմնի` ընտրողին տրամադրած համապատասխան տեղեկանքին, ստանալու դրանց պատճենները կամ դրանցից քաղվածքներ (բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակների), քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ ինքնուրույն կատարելու քաղվածքներ ընտրողների ստորագրած ցուցակներից»:
Մասնագետի վստահեցմամբ, նախորդ տարի բարեփոխված օրենսգիրքը վստահված անձին նաև իրավունք է տալիս ստուգել ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը /ԸՕ 66 հոդված, 4-րդ կետ/:
«Հետևաբար, վստահված անձինք կարող են փաստացի գրառումներ անել քվեարկությանը մասնակցած-չմասնակցածների վերաբերյալ, այնուհետև համադրել արդեն ստորագրված ցուցակների հետ»,- ասաց սահմանդրական իրավունքի ամբիոնի դոցենտն ու ավելացրեց, որ օրենքն այս դեպքերի համար որևէ արգելք կամ խանգարող հանգամանք չի սահմանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները