Հարգելի Բաղըշ, «յոթ սարի արանքը» թաքնվելով հայտարարություններ անելու փոխարեն, մենք Ձեզ հրավիրում ենք Բրատիսլավա. ԵՀՄՖ
Սլովակիայի Գերագույն Դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը հայտարարել էր, որ ցանկացած թուրք, անկախ նրա դիրքից ու պաշտոնից, եթե փորձի Սլովակիայում հերքել Հայոց ցեղասպանության փաստը, կարժանանա մինչև հինգ տարի ազատազրկման: Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՖՄ/ մամլո քարտուղարության հաղորդմամբ, այս ելույթներին ի արձագանք Թուրքիայում սկսվել են գործընթացներ և եվրոպական հարցերով պետքարտուղար Էգեմեն Բաղըշը ելույթ է ունեցել, նշելով որ պարոն Շտեֆան Հարաբինը սխալ հայտարարությունների փոխարեն ճիշտ կանի, որ իր դատավորությամբ զբաղվի:
Ֆորումը հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, նշելով. «Ի պատասխան պարոն Բաղըշի անմտածված հայտարարության մենք պատասխանում ենք, որ դատավորի պարտականության մեջ է մտնում հենց պարոն Բաղիշի նմաններին ազատազրկման ենթարկելը և առաջարկում ենք նրան հետևյալը. «Հարգելի Էգեմեն Բաղըշ, «յոթ սարի արանքը» թաքնվելով հայտարարություններ անելու փոխարեն, մենք Ձեզ հրավիրում ենք Բրատիսլավա և խոստանում, որ կտանք հնարավորություն Ձեզ ելույթ ունենալու Բրատիսլավայի կենտրոնում տեղավորված, Դանուբի գեղատեսիլ ափին վեր խոյացող Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող-խաչքարի մոտ և ազատորեն արտահայտել Ձեր մտքերը Հայոց ցեղասպանության հարցում:
Միաժամանակ զգուշացնում ենք, որ եթե Ձեր ելույթում դույզն իսկ կասկած հայտնեք Հայոց ցեղասպանության փաստի շուրջ, նույն պարոն Շտեֆան Հարաբինը կտա Ձեզ ձերբակալման հրաման և Ձեր ձեռքերին կհայտնվեն ձեռնակալներ ու Դուք ականատես կլինեք սլովակյան դատարանի Ձեզ հինգ տարի ժամկետով ազատազրկման որոշման իրականացմանը: Իհարկե Դուք ունեք և մի այլ հնարավորություն, օդում թափահարել Ձեր թուրքական դիվանագիտական անձնագիրը և աղերսել սլովակ կառավարության կողմից դիվանագիտական պաշտպանություն, սակայն մենք նախապես հայտարարում ենք, որ այդ դեպքում Դուք խախտած կլինեք դիվանագիտական էտիկետը և դրանով կասկածի տակ կդնեք անձամբ Ձեր և Ձեր երկրի քաղաքակրթության կոռեկտությունը:
Դուք ունեք նաև երրորդ հնարավորությունը` հարգելու ԵՄ լավագույն երկրներից մեկը հանդիսացող և քաղաքակրթության փայլուն օրինակ ծառայող Սլովակիայի օրենքները` դրանով ապացուցելով Ձեր քաղաքակիրթ երկիր ներկայացնելու փաստն, ու ներողություն խնդրել խաչքարին ծաղկեպսակ մատուցելու արարողության ներկայացուցիչներից, մասնավորապես Սլովակիայի Գերագույն Դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինից, ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանից, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանից, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանից, Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյից և այլ մասնակիցներից, որոնք իրենց ելույթների ժամանակ հղումներ են կատարել միայն ելնելով Սլովակիայում գործող օրենքների շրջանակներից: Այժմ մենք հետաքրքրությամբ սպասում ենք, թե Ձեզ տված մեր առաջարկներից որն եք Դուք իրականացնելու` միաժամանակ հայտարարելով, որ նույն սպասելիքներն ունենք ազգությամբ թուրք ցանկացած անձից` անկախ նրա գտնվելու վայրից, լինի դա Թուրքիա, եվրոպական որևէ երկիր, թե այլուր»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա