Ստորագրվեց. Հայաստանում առաջին անգամ ընտրության օրը կանցկացվի էքզիտ փոլ
GALLUP International association-ն ու «Արմենիա» հեռուստաընկերությունը քիչ առաջ ստորագրեցին պայմանագիր, համաձայն որի, նախընտրական շրջանում, ինչպես նաև հենց ընտրությունների օրը` մայիսի 6-ին, սոցիոլոգիական հարցում ու էքզիտ փոլ են անցկացնելու:
Ստորագրման արարողությանը հաջորդած մամուլի ասուլիսում GALLUP փոխնախագահ Կոնչո Ստոյչևը հայտարարեց, որ սոցիոլոգիական հարցումը կավարտվի ապրիլի 27-ին, իսկ էքզիտ փոլը կապահովի ընտրության օրվա թափանցիկությունը:
«Թափանցիկությունը ոչ թե անձնական մակարդակում է, թե ով ինչ ընտրություն կատարեց, այլ ազգային մակարդակում»,- նշեց նա:
Բանախոսը տեղեկացրեց, որ սոցհարցումն ու էքզիտ փոլը ազգային մակարդակ են ընդգրկելու, այսինքն` անցկացվելու են ողջ Հայաստանում: Հարցումներն անցկացնելու գործում առանձնահատուկ ուշադրություն չի դարձվելու հայկական մենթալիտետին ու ազգային տարբերություններին` բոլոր երկրների համար գործում է հստակ նույն ձևաչափը:
Սակայն շեշտեց, որ ուսումնասիրության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ Հայաստանում այնպիսի մի միջավայր է, որ էքզիտ փոլը կիրականացվի նորմալ պայմաններում.«Շատ հասարակություններում են մարդիկ վախենում իրենց ընտրությունը բացահայտել ու առհասարակ` հասարակություն, որը վախ չունի գոյություն էլ չունի: Բայց Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ մարդիկ իրենց տեսակետները հայտնում են, ինչն էլ երաշխիք կհանդիսանա, որ իրական պատկեր ունենանք»,- ընգծեց պարոն Ստոյչևը:
Նշվեց նաև, որ էքզիտ փոլի արդյունքները, որն առաջին անգամ է անցկացվելու Հայաստանում, կհրապարակվեն ընտրություններից հետո մեկ ժամվա ընթացքում. «Քվեարկության օրվա կեսօրին արդեն իսկ տվյալներ կունենանք, բայց դրանք կհրապարակվեն միայն ընտրությունից հետո»,- տեղեկացրեց GALLUP փոխնախագահը:
«Գելափ Ինթերնեշնլ Ասոսեյշն»-ը վերահսկում է համաշխարհային շուկայի 89 տոկոսը` ներառելով անկախ հարցումներ անցկացնող 67 ընկերություն աշխարհի 100 երկրներում: Հավելենք նաև, որ «Գելափ Ինթերնեշնլ Ասոսեյշն»-ը տարբեր ժամանակահատվածներում սոցիոլոգիական հարցումներ և էկզիթ փոլլ է իրականացրել մասնավորապես Բրազիլիայի, Բուլղարիայի, Ռուսաստանի, Լիտվայի և բազմաթիվ այլ երկրների նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքում: