ՀԱԿ-ը չի՞ համագործակցում ռեժիմի հետ
Անդրադառնալով Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե ՀԱԿ-ը չի համագործակցում «ռեժիմի» հետ` «Голос Армении»-ն գրում է. «…Փաստորեն ԲՀԿ-ի հետ համագործակցությունը չի համարվում «ռեժիմի» հետ համագործակցություն` չնայած նրան, որ ԲՀԿ-ն 4 տարի եղել է կոալիցիոն երկրորդ ուժը և տնօրինել է երկրի բյուջեի 35%-ը: Իսկ այն, թե ում հետ է համագործակցում ՀԱԿ-ը, ցույց կտան 12-րդ ընտրատեղամասի արդյունքները, ուր իր թեկնածությունն է առաջադրել ԼՏՊ-ի Զարմիկ Տիգրան Տեր-Պետրոսյանը և որին ընդդեմ ՀՀԿ-ն ոչ մի թեկնածու չի առաջադրել»:
Թերթը նկատում է, որ ՀԱԿ-ի համար ամենահարմար դիրքավորումը հենց ՀՀԿ-ի քննադատությունն է, քանի որ Տեր-Պետրոսյանը վախենում է, որ այլ կուսակցություններ, օրինակ` ՀՅԴ-ն, որը ՀՀՇ-ի կառավարման օրոք ընդդիմություն էր, կարող է հիշեցնել վերջինիս 1995թ. կեղծված ընտրությունները և 1996թ. նախագահական ընտրությունները, երբ Երևանի փողոցները լցվեցին տանկերով: «Եթե 1996թ-ին որևէ մեկն ասեր, թե 2012-ին ՀՅԴ-ն համագործակցելու է ԼՏՊ-ի հետ, այդ մարդուն խելագար կհամարեին»,-գրում է նյութի հեղինակը: Անդրադառնալով 4 կուսակցությունների կողմից Ազատ ընտրությունների անցկացման նպատակով միասնական շտաբի ձևավորման փաստաթղթի ստորագրմանը` «ГА»-ն նկատում է, որ այս շտաբի ձևավորումը, որին համաձայնություն տալուց առաջ ԲՀԿ-ն որպես կոալիցիոն կուսակցություն պետք է նախևառաջ խորհրդակցեր իր քաղաքական գործընկերոջ հետ, ընդամենը պոպուլիստական քայլ է կուսակցությունների կողմից և իշխող կուսակցությանը ընտրություններում հետագա անհաջողության պարագայում մեղադրելու հնարավորություն, քանի որ իրականում այդ 4 կուսակցություններից միայն ԲՀԿ-ն է, որ բարձր վարկանիշ ունի, այն էլ, ինչպես նշում է նյութի հեղինակը, իր սեփականատիրոջ հաշվին: