ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ապրիլի 12-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի կազմի մեջ են մտնելու ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ /ԲՄՊԽ/ գնդապետ Անդրեյ Բարաշկինը /Ռուսաստան/:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացնելու ԳՆԱՆ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին /Մեծ Բրիտանիա/, ԳՆԱՆ դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և ԲՄՊԽ ներկայացուցիչ, գնդապետ Իլհամի Դեիրմենողլուն /Թուրքիա/:
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցելու են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: