«Չեմ հավատում, որ ժողովրդի մեծ մասը ընտրակաշառք է վերցնում». Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Օհանավանում
«Այս ընտրությունները պետք է լինեն վերջին երեք կեղծված ընտրություններից ձեր վրեժը լուծելու միջոց, մանավանդ, մեկ տարի հետո էլ տեղի են ունելու են նախագահի ընտրություններ, որով պետք է ավարտվի այս կծիկը»,- այսօր Օհանավան համայնքում բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ Ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքով, այս տարի կայանալիք ընտրությունները «15 տարվա մղձավանջից» դուրս գալու միջոց են: «Ընդամենը մեկ բան է պահանջվում` անել այն, ինչ դուք արել եք 2008-ին, անել այն, ինչ դուք արել եք 1998 թվականին, 2003 թվականին, գնալ ընտրությունների, ուրիշ ոչինչ», -հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Այնուհետև նկատեց` «Հիմա կասեք ի՞նչ կփոխվի` այն ժամանակ հաղթեցիք, բայց նրանք իշխանությունը զավթեցին: Կփոխվի. չարությունը ի վերջո սպառվում է, չկա չարիք, որի էներգիան չսպառվի»:
Առաջին նախագահի դիտարկմամբ, ընտրություններից հետո իրավիճակը կփոխվի, քանի որ այսօր միջազգային իրավիճակն է փոխվել:
«Այսօր աշխարհը այլևս չի հանդուրժելու այն անօրինականությունները, որոնք կատարվել են Հայաստանում: Արաբական երկրների իրադարձություններից հետո, երբ տասնյակ տարիների բռնապետություններ տապալվեցին խայտառակ, արյունալի կերպով: Դրանք դաս են հանդիսացել աշխարհի համար և այսօր աշխարհը բոլորովին ուրիշ աչքերով է նայելու այս ընտրություններին: Վստահ եղեք, դա նաև նոր երաշխիք է հանդիսանում, որ իշխանությունները չեն համարձակվելու այնպիսի ահաբեկումներ, բռնություններ գործել ժողովրդի նկատմամբ, ինչպես գործել են առաջներում: Ուրեմն` վախենալու ոչինչ չկա: Չվախեցողներ միշտ եղել են, դրանք միշտ փոքրամասնություն են եղել ազգերի մեջ: Մնում է մի բան` գնալ ընտրատեղամաս և քվեարկել»,- օհանավանցիներին դիմելով հայտարարեց Տեր-Պետրոսյանը:
ՀԱԿ առաջնորդն իր խոսքում անդրադարձավ նաև ընտրակաշառքներին և ասաց, որ չի հավատում, որ ժողովրդի մեծ մասը ընտրակաշառք է վերցնում: «Էդպիսի բան չկա: Ընդհակառակը, ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ մեծամասնությունը մերժում է ընտրակաշառքը: Իսկ եթե վերցնում են, ապա դրանց մեծ մասը նորից գնում է ու ընտրում նրան, ում ուզում է: Ընտրությունները կեղծվում են բոլորովին ուրիշ միջոցներով` բռնություններով, լցոնումներով, բացակա մարդկանց փոխարեն քվեարկելով: Ի՞նչ են տալիս, 20 հազար դրամ, դա 50 դոլար է: Դա՞ է գինը էս երկրի: Դուք գիտեք, որ այդ քվեն արժե ոչ թե 50 դոլար, այլ 2000 դոլար: Տալիս են այդ գումարը և 4-5 տարի նստում իշխանության և ամեն տարի Հայաստանում այս իշխանությունները ժողովրդից գողանում են ուղիղ 5 մլրդ դոլար, ամեն տարի», -հավելեց առաջին նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա