Դեմկուսի շտաբի պետը Ալեքսանյանի կողմից հաշվեհամարի բացումը ոչ բարոյական քայլ է համարում
Դեմոկրատական կուսակցության շտաբի պետ Լյուդմիլա Ազիզյանն ոչ բարոյական քայլ է համարում գործարար Սամվել Ալեքսանյանի կողմից քաղաքացիներից օգնություն ստանալու ակնկալիքով հաշվեհամարի բացումը:
Հիշեցնենք, որ Դեմկուսը ևս հաշվեհամար է բացել` հայտարարելով, թե բոլոր նրանք, ովքեր հաղթանակ են մաղթում Հայաստանի Դեմոկրատական կուսակցությանը կարող են օժանդակել` որոշակի գումար փոխանցելով նախընտրական հաշվեհամարին ընտրություններում Դեմկուսի հաջողությունը ապահովելու նպատակով: Դեմկուսում գիտեն, որ փոխանցումներ արվել են, սակայն գումարի չափի մասին տվյալներ տիրապետում է հաշվապահը:
«Մեր շարքերում չկան գործարարներ, մենք ունենք համակիրներ, որոնք կցանկանան մեզ օգնել»,-իրենց քայլն այսպես է բացատրում քաղաքական ուժի կին ներկայացուցիչը:
Այսօր հայտնի դարձավ, որ օգնության ակնկալիքով հաշվեհամար է բացել թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված Սամվել Ալեքսանյանը, ով հանրությանը հայտնի է իբրև գործարար պատգամավոր:
«Որ փող ունենայի, հաշվեհամար չէի բացի, որ մարդիկ փող փոխանցեն` քարոզարշավ անեմ: Ես էլ գործարար չեմ ու խնդրում եմ` «Արդշինինվեստբանկ»-ի հաշվեհամարս /2474202308200000/ տպե՛ք թերթում, որ մարդիկ իմանան, օգնեն ինձ: Ու նախապես շնորհակալություն բոլոր օգնողներին», -«Ժողովուրդ» թերթին ասել էր պատգամավորը:
«Բոլորը գիտեն, որ ինքը փող ունի: Ես կարծում եմ, որ ժողովուրդը հասկանում է, որ ինքը գումարի կարիք չունի: Բայց դա իր սահմանադրական իրավունքն է »,-ասաց Դեմկուսի շտաբի պետն ու հաշվեհամարի բացումը դիտարկելով մարդու իրավունքների շրջանակում, իսկ իրավական դաշտից դուրս` «անբարոյական ենք համարում, մենք գիտենք, որ ինքը ունի մեծ գումարներ, կարող էր և չբացել, բայց դե իր գործն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա