Ծեծի միջոցով ընտրապայքարից հրաժարված թեկնածուի գործին միջամտել է դատախազությունը
Արմավիրի Սարդարապատ գյուղում ապրիլի 6-ին տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում Գլխավոր դատախազությունը հանձնարարել է նախաքննական մարմնին քննության առարկա դարձնել նաև մամուլի հրապարակումները: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն Սարդարապատի գերեզմանոցում թիվ 21 ընտրատարածքում առաջադրված անկուսակցական Մերուժան Մխոյանը դաժան ծեծի էր ենթարկվել և այդ ճնշման տակ էլ հրաժարվել հետագա ընտրապայքարից` ապրիլի 8-ին ինքնաբացարկ հայտնելով:
«Ճիշտ է, Մերուժան Մխոյանը հաղորդում չի տվել իրավապահ մարմիններին, սակայն հաշվի առնելով այն, որ ըստ մամուլի հրապարակումների, Մխոյանի նկատմամբ որպես պատգամավորության թեկնածու, ճնշում է գործադրվել, դատախազությունը հանձնարարել է քննության առարկա դարձնել նաև մամուլի հրապարակումները», -փոխանցեց դատախազի մամլո խոսնակը:
Ավելի վաղ Panorama.am-ը անդրադարձել էր դեպքին և տեղեկացրել, որ բախման գլխավոր դերակատարները նշվում են ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդի` Արտակ Գևորգյանը և Սամսոն Պողոսյանը, որը վերջերս է պայմանականորեն ազատ է արձակվել, հանրությանը հայտնի է իբրև ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի դեմ մահափորձ կատարած անձնավորություն: Այդ անձինք էլ հենց, ըստ շրջանառվող լուրերի, դաժան ծեծի են ենթարկել պատգամավորության նախկին թեկնածուին ու նաև նրա համախոհներին:
ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի շտաբի պետ Արտակ Բաբախանյանը պատմել էր, որ «Մոտ 10-15 հոգի մտել են Մերուժան Մխոյանենց տուն, ծեծել են նրան, ահաբեկել, թե` արի գնանք մարզպետի, Նովոյի ու քաղաքապետի ներկայությամբ պտի հրաժարական տաս: Դրանից հետո Մերուժանին առևանգել, տարել են գերեզմանոց, որտեղ կռիվը շարունակվել է… ես այսքանը գիտեմ», -ասել էր նա:
Այդ դեպքի մասին հաղորդագրություն էր տարածել նաև ոստիկանությունը, սակայն ծեծողների անուններ չէր նշել: Դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Արմավիրի քննաչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
«Արի գնանք մարզպետի, Նովոյի ու քաղաքապետի ներկայությամբ պտի հրաժարական տաս». Արմավիրի միջադեպի հետքերով
Արմավիրյան կրակոցներ. հարուցվել է քրեական գործ
Ճնշո՞ւմ. Թիվ 21-ում անկուսակցական թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները