Հրազդանը Ծառուկյանին դիմավորեց խնդրանք-նամակներով ու համբույրներով
Քարոզարշավը մեզանում, կարծես, վերածվում է անձամբ այս կամ այն գործչին տեսնելու ու նրանից ինչ-որ բան ակնկալելու ավանդույթի: Այդպես, Չարենցավանից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում այսօր հանդիպում ունեցավ հրազդանցիների հետ, որից հետո նրան դեռ երկար բաց չէին թողնում` նրանք շրջապատել էին Գ.Ծառուկյանի ավտոմեքենան ու անգամ լրագրողներին տեղ չէին տալիս:
Մի տատիկ Գ.Ծառուկյանին հուզված պատմեց, որ տասնամյակից ավելին ապրում է տնակում, միայնակ թոշակառու է ու այլևս նման պայմաններին չի դիմանում. օգնություն էր խնդրում, այն էլ յուրատիպ` «մի բան արա, բալա ջան»: Այնուհետ կուսակցապետին մոտեցավ երիտասարդ մի զույգ, հղի կինը նշեց, որ նա երիկամների լուրջ խնդիր ունի, ինչի պատճառով վտանգված է թե իր, թե երեխայի կյանքը` հղիության 7-րդ ամսին է … ու նմանատիպ այլ խնդրանքներ, ծանր ապրուստի պատմություններ, ամեն կողմից էլ նամակներ էին փորձում անձամբ Ծառուկյանին փոխանցել: Ամենախիզախներին էլ անգամ հաջողվեց համբուրել նրան:
Գ.Ծառուկյանն հայտարարեց, որ քարոզարշավի շրջանակում լինելու է հանրապետության բոլոր մարզերում ու հեռավոր գյուղերում ու հանդիպումներ ունենալու է բոլոր ցանկացողների հետ:
«Ես բոլոր մարզերով ու քաղաքներով անցնելու եմ, որպեսզի ներկայացնեմ ԲՀԿ նախընտրական ծրագիրը: Այն ներառում է ձեզ հուզող բոլոր խնդիրների լուծումները և մենք ոչ թե հեքիաթներ ենք գրել, այլ մեր երկրի բյուջեի ճիշտ բաժանումն ենք արել»,- «Մեր խոսքը գործ է» կարգախոսով բեմահարթակից հայտարարեց նա:
Հրազդանի կենտրոնում ելույթ ունենալիս ԲՀԿ նախագահը նշեց, որ երբեք ժողովրդին սուտ խոստումներ չի տվել ու չի էլ պատրաստվում և որ միշտ էլ ասել է այն, ինչ կարողացել է անել: Հանդիպման հիմնական նպատակին անցնելով` գալիք խորհրդարանական ընտրությունների նշանակությանը, նա հավաստիացրեց, որ իր թիմը պատրաստակամ է տանել ծանր առաքելությունը և թեթևացնել ժողովրդի հոգսը:
Հորդորեց հավատալ սեփական զգացածին, տեսածին ու լսածին և անպայման մասնակցել ընտրություններին ու ձայնը տալ միայն նրան, ով իսկապես գործ է անում.
«Ոչ մեկ ձեզ չի պարտադրում ու չի էլ կարող պարտադրել հակառակը»,- ընդգծեց նա: