«Ժառանգության» առաջարկն ընդունվեց ԲՀԿ-ի խմբագրությամբ` առանց «Ժառանգության» ներկայացուցչի
«Հայաստանի մի քանի քաղաքական ուժերի ձևավորած միասնական ընտրական շտաբը ստեղծվել է ոչ թե «ընդդեմ» տրամաբանությամբ, այլ հանուն ազատ, արդար, թափանցիկ` եվրոպական չափանիշներին համապատասխանող ընտրությունների, հանուն մեր ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքի», - այսօր Հայաստանի քաղաքագետների միությունում ընտրությունների վերահսկման համար միասնական շտաբի անդրանիկ նիստի բացմանն ասաց ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նրա խոսքով` միասնական շտաբի գափափարը որոշ քաղաքական ուժերի կողմից և մամուլում ճիշտ չի ընկալվել:
«Շտաբի ստեղծումը մամուլում տարաբնույթ մեկնաբանությունների առիթ դարձավ: Մեր հայտարարությունը բաց է նախաձեռնությանը միավորվել ցանկացող բոլոր ուժերի համար: Եթե կան ուժեր, որոնք գտնում են, թե այս նախաձեռնությունն ըննդեմ իրենց է, սա աննուղակի ձևով ապացուցում է, որ նրանք նախապատրաստում են կեղծիքների: Մենք նման կերպ չենք ուզում մտածենք»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ Քաղաքագետների միությունը դիմել է մյուս 5 քաղաքական ուժերին` առաջարկելով միանալ նախաձեռնությանը` «հաշվի առնելով, որ այն ձևավորվել է չեզոք քաղաքագիտական դաշտում»:
Այսօրվա քննարկմանը ներկա էին հանուն արդար ընտրությունների միավորված չորս քաղաքական ուժեր՝ Դաշնակցությունը, Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը» և «Բարգավաճ Հայաստանը»` ի դեմս Արմեն Ռուստամյանի, Լևոն Զուրաբյանի, Ռուբեն Հակոբյանի և Վարդան Օսկանյանի։ Օրակարգի հիմնական խնդիրը` շտաբի աշխատանքային գործընթացի դասավորումն էր:
Ի դեպ հենց օրակարգի շուրջ հանդես եկած «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը նախ հայտարարեց, որ իր կողմից ներկայացվող քաղաքական ուժը դեռ ապրիլի 4-ին` ընտրությունների վերահսկման համար միասնական շտաբի ձևավորման համաձայնագրի ստորագրման օրը հանդես է եկել հայտարարությամբ, որ փաստաթուղթը պետք է ստորագրվի քաղաքական ուժերի առաջնորդների կողմից, այլ ոչ թե ներկայացուցիչների:
«Ժառանգության» ներկայացուցիչը նաև առաջարկեց ստեղծել հատուկ աշխատանքային խումբ, որը կզբաղվի «բարեգործությունների, այդ թվում նաև` փոխկապակցված բարեգործական հիմնադրամի միջոցով, բռնությունների, վարչական ռեսուրսներն օգտագործելու և ընտրողների քվեներն այլ անօրինական միջոցներով տիրանալու փաստերով»:
Ռ.Հակոբյանը հայտարարեց, որ «Ժառանգության» համար անհասկանալի է նաև ԲՀԿ-ի մասնակցությունը նախաձեռնությանը, քանի որ դա հակասում է իշխող կոալիցիայի հուշագրի բովանդակությանը, որի մեջ մտել է ԲՀԿ-ն: «Այդ փաստաթուղթը հակասում է կոալիցիոն հուշագրին: Բարգավաճ Հայաստանը» պետք է որոշի, թե որ կողմից է, հակառակ դեպքում` դա ժամանակի անիմաստ կորուստ է»,- ասաց նա:
Արձագանքելով «Ժառանգության» երկու առաջարկներին, Արմեն Ռուստամյանը և Լևոն Զուրաբյանը հայտարարեցին, որ խնդիր չեն տեսնում , որ փաստաթուղթի տակ ստորագրեն քաղաքական ուժերի ղեկավարները, բայց այս պահին չեն տեսնում նպատակահարմարությունը: Արմեն Ռուստամյանը նշեց, որ լինելով ՀՅԴ ԳՄ անդամ, նա փաստացի արդեն բավարարել է «Ժառանգության» պահանջը, իսկ Լևոն Զուրաբյանն էլ ասաց` «Եթե անհրաժեշտ է Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, կարող եմ գնալ և բերել»:
Իր հերթին Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ եթե խնդիրը կայանում է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ստորագրության մեջ և այն փաստի, որ ԲՀԿ-ն իր ստորագրությունն է դրել և՛ կոալիցիոն հռչակագրի տակ, և՛ այս նոր փաստաթղթի տակ, ինչպես նաև նորաստեղծ շտաբը չպառակտելու նպատակով` «Բարգավաճ Հայաստանը» պատրաստ է դուրս գալ և շտաբին օգնել կողքից: Այս առաջարկին ՀՅԴ և ՀԱԿ ներկայացուցիչները դեմ արտահատվեցին:
Ի պատասխան քաղաքական ուժերի դիրքորոշմանը` Ռուբեն Հակոբյանն ասաց. «Իմ ստորագրությունը ուժի մեջ է, եթե պայմանը բավարարվի, մենք կշարունակենք աշխատել, մյուս դեպքում կմտածենք»: Ներկայացնելով այս «վերջնագիրը», «Ժառանգության» ներկայացուցիչը հեռացավ քննարկումների դահլիճից:
Ռուբեն Հակոբյանի հեռանալուց հետո քննարկումը շարունակվեց: ՀԱԿ-ի ու Դաշնակցության ներկայացուցիչները համաձայնվեցին աշխատանքային խմբի ստեղծման մասին «Ժառանգության» առաջարկի հետ, բայց Վարդան Օսկանյանը պահանջեց, որ ձևակերպութմից հանվի բարեգործության հիշատակումը: ԲՀԿ-ի խմբագրությամբ «Ժառանգության» այս առաջարկն առանց «Ժառանգության« ներկայացուցիչի ներկայության ընդունվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում