Թող գա խոսենք. Գայանե Առուստամյանը Հայրապետյանին հեռուստաբանավեճի հրավեր է անում
Երևանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու լրագրող Գայանե Առուստամյանն արդեն ձևավորել է իր թիմը, ունի մեկ շտաբ և մեկ ենթաշտաբ, և այսօրվանից սկսում է քարոզարշավը` «Քվեարկիր, որ չպարտվես» և «Ոչ մի քվե հանցավոր ռեժիմին» կարգախոսներով:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Գայանե Առուստամյանն ասաց, որ առաջադրվելու որոշումն իրենն է` դիմել է Հայ Ազգային կոնգրեսին, և վերջինն էլ այստեղ պաշտպանում է իր թեկնածությունը:
Այս ընտրատարածքում որպես իրեն հիմնական մրցակից համարում է իշխող կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո): «Ավելի ճիշտ իմ մրցակիցը իշխող կուսակցությունն է, իշխող ռեժիմը, որի դեմ ես միշտ պայքարել եմ որպես քաղաքացի, որի դեմ հանդես եմ եկել որպես լրագրող և այժմ որի դեմ հանդես եմ գալիս որպես պատգամավորի թեկնածու», - հավելեց Գայանե Առուստամյանը:
Այս ընտրատարածքում առաջադրված մյուս թեկնածու «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանին իրեն մրցակից չի համարում: Ինչ վերաբերում է մեկ ընտրատարածքում մեկ ընդդիմադիր թեկնածու ունենալու մասին ավելի վաղ «Ժառանգության» կողմից արված հայտարարություններին, Առուստամյանը նկատեց, որ ինքն ավելի շուտ է ներկայացրել փաստաթղթերը, քան Սաֆարյանը: «Երբ ինքը տարել է փաստաթղթերը, տեսել է, որ այնտեղ գրված է իմ անունը, կարող էր կապվել այդ ընդդիմադիր թեկնածուի հետ և համաձայնության գալ», -հավելեց թեկնածուն:
Իր մրցակից Հանրապետական թեկնածուին հերթական անգամ հեռուստաբանավեճի հրավեր անելով, Առուստամյանն ասաց. «Թող գա հրապարակ, թող գա խոսենք, թող ներկայացնի իր պատկերացումները խորհրդարանում աշխատելու ծրագրերի մասին, թող ընտրողը կողմնորոշվի, ընտրի ինձ կամ իրեն»:
Ինչ վերաբերում է մյուս թեկնածու Ստյոպա Սաֆարանին, ապա նրա հետ բանավիճելու խնդիր Առուստամյանը չունի: Սակայն, եթե Սաֆարյանին հանդիպի էլ, ապա նրա հետ «հաճույքով» կխոսի «ընդդիմության և ընդդիմադիր լինելու փիլիսոփայության մասին»:
Ընտրություններին գնացող ուժերի համամասնական ցուցակների մեջ Առուստամյանն ասում է, որ «Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի ցուցակը հարուստ է «տեխնիկական, գիտական, հումանիտար, պետական, քաղաքացիական մտքով»:
Ըստ նրա, «լավ մարդիկ» կան նաև Հ. Յ. Դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների համամասնական ցուցակներում: ««Բարգավաճ Հայաստանի» ցուցակը մի քիչ խայտաբղետ է, բայց ԲՀԿ-ն որպես նոր քաղաքական ուժ կարող է ինչ-որ ճանապարհներ հարթել: Եթե այս անգամ, գոնե մեկ անգամ ընտրողը հրաժարվի ընտրակաշառքից և գնա կատարի ընտրություն, ապա խորհրդարանը կձևավորվի ընդդիմադիր ուժերով»,-նկատեց Առուստամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում