Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է աճի լուրջ տեմպեր արձանագրել
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է աճի լուրջ տեմպեր արձանագրել` վերջնականապես հաղթահարելով ճգնաժամի ազդեցությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Նրա խոսքերով՝ այսօր ՏՏ ոլորտում գործում է ավելի քան 300 կազմակերպություն` շուրջ 205 մլն դոլար ընդհանուր շրջանառությամբ (աճը 2011 թ.` մոտ 25 %, իսկ միջինն տարեկան աճը 22-23%) և մոտ 6700 մասնագետներով: Ըստ Բ.Ենգիբարյանի՝ մասնագետների կեսն աշխատում են տեղական կազմակերպություններում, մյուս կեսը` օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերում (այդ ցուցանիշը մի քանի տարի առաջ 70/30 էր` հօգուտ օտարերկրյա ընկերությունների):
Նա նշեց, որ Հայաստանի տնտեսությունում ամենաբարձր վարձատրվող ոլորտներից մեկը ՏՏ-ն է, քանի որ ոլորտի միջին աշխատավարձն ամսական կազմում է 400 հազար դրամ: Բացի այդ, ըստ Բ.Ենգիբարյանի, Հայաստանի վարկանիշը համաշխարհային ՏՏ ոլորտում գնալով բարձրանում է: Դրա վառ վկայությունը համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք ձեռնարկությունների գործակցությունն է հայ մասնագետների հետ և նրանց մասնաճյուղերի տեղակայումը Հայաստանում: Մասնավորապես, ըստ նրա, «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան, Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնը, «Նեյշնլ Ինսթրումենթս» եւ «ՍՏ Կինետիքս» ընկերությունների մուտքը Հայաստան հենց այդ մասին են վկայում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանի խոսքերով՝ ՏՏ ոլորտի յուրաքանչյուր աշխատող տարեկան ստեղծում է 36 հազար դոլարից ավելի արժեք, ինչն աննախադեպ բարձր է տնտեսության մյուս ճյուղերի համեմատ: Ըստ նրա՝ ոլորտի արտադրանքի 60%-ը սպառվում է ներքին շուկայում:
Վ.Դանիելյանը նշեց, որ ՏՏ ոլորտում աշխատանքները շարունակական են լինելու. այս և առաջիկա տարիներին էականորեն ավելանալու են ՏՏ ոլորտին ուղղվող միջոցները, այդ թվում՝ միջազգային ֆինանսական ու ՏՏ կազմակերպությունների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին