Մեկնարկեց «Բաց խաղ» համակարգչային խաղերի նախագծման 2012թ.առաջնությունը
Այսօր մեկնարկել է համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, որն արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերության կողմից: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել նոր բիզնես միջավայր, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին: Մասնակիցները հնարավորություն կունենան իրականացնել իրենց մտահղացումները և մասնակցել տարբեր նախագծերի իրականացմանը լավագույն ՏՏ ընկերություններում:
«Սա այն ոլորտներից է, որ դեռ բավականաչափ չի հետազոտվել ու շահագործվել Հայաստանում: Անցյալ տարվա առաջնության ժամանակ ինչպես մասնակիցների քանակը, այնպես էլ ներկայացված նախագծերի որակը գերազանցեցին մեր բոլոր ակնկալիքները: Այն զարգացումը, որ մենք նկատեցինք մասնակիցներից շատերի մոտ, պարզապես ապշեցուցիչ էր, իսկ մրցույթին մասնակցում էին նույնիսկ դպրոցականներ: Ուրախությամբ հայտարարում ենք երկրորդ առաջնության մեկնարկը, և ակնկալում ենք, որ այս տարի նախագծերն էլ ավելի հետաքրքիր ու օրիգինալ կլինեն»,- ասաց ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Համակարգչային խաղերի ոլորտն արդեն իր հաստատուն դերն ունի ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում: 2011թ. մենք հրաշալի կատարումներով նախագծեր տեսանք, որոնք արդեն ամբողջովին պատրաստ են և կարող են շուկա մտնել: Ուրախ ենք այս տարի նույնպես համագործակցել ԻՏՁՄ-ի հետ` աջակցելու նոր ու հետաքրքիր գաղափարների իրագործմանը: Այս տարի ավելի շատ ենք շեշտը դրել բջջային հավելվածների ոլորտի վրա, քանի որ այն դինամիկ կերպով զարգացող ու աճող ոլորտ է Հայաստանում, ինչպես և աշխարհում: Մեծ հետաքրքրությամբ ենք սպասում մասնակից նախագծերին», ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
«Բաց Խաղ» համակարգչային խաղերի առաջնությունն անցկացվելու է 4 փուլով և ունենալու է 9 անվանակարգ` Լավագույն բջջային խաղ, Սցենար, Նորարարություն, Դիզայն, Պատանիների առաջնություն (Junior), Լավագույն սոցիալական բջջ. հավելված, Լավագույն ժամանցային հավելված, Լավագույն հաղորդակցություն հավելված:
Յուրաքանչյուր փուլի ընթացքում ժյուրին կդիտարկի նախագծերը, կբացահայտի թերությունները և կսահամանի յուրաքանչյուր նախագծի համար տեխնիկական առաջադրանքներ:
Ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ, ովքեր իրենց խորհրդատվությամբ կաջակցեն մասնակիցներին մրցույթի ընթացքում: Մրցույթն անցկացվում է Sourcio, Teoken, Tx Systems, Triada, MicroSoft-RA ընկերությունների և Association of Modern Technologies Professionals, National Professional Cybersport League (NPCL) աջակցությամբ:
«Բաց Խաղ» համակարգչային խաղերի առաջնությունը չունի ո՛չ տարիքային և ո՛չ նախագծերի տիպերի և տեխնիկական հնարավորությունների սահմանափակում: Գրանցվելու համար հարկավոր է մինչև սեպտեմբերի 30-ը ուղարկել հայտը [email protected] էլ. հասցեին: Նրանք, ովքեր կգրանցվեն մինչև ապրլի 30-ը, հնարավորություն կունենան մասնակցելու համակարգչային խաղերի դիզայնին և նախագծմանը նվիրված սեմինարներին, ինչը կօգնի առաջնության մեկնարկին արդեն զինված լինել լրացուցիչ մասնագիտական հմտություններով:
Միջոցառման եզրափակիչ փուլի ժամանակ կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն մասնակիցների մշակած խաղերը և համակարգչային խաղերի ոլորտը ներկայացնող այլ ընկերությունների աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին