Վանյանի այս, ամեն գնով փառատոնը անցկացնելու անհասկանալի ոգևորությունը միայն մի եզրահանգման է բերում. Բլոգերի նամակը ԱՄՆ դեսպանին
Բլոգեր, Հայաստանի Ամերիկայն Համալսարանի շրջանավարտ, USAID PHCR Project Infrastructure Development Specialis, Blogging for democracy» ծրագրի մասնակից Տիգրան Քոչարյանը բաց նամակ է հղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին` Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու ծրագրի վերաբերյալ:
Բլոգերը նախ շնորհակալություն է հայտնում դեսպանից, ԱՄՆ ժողովրդից ու կառավարությունից այն աջակցության համար, որ Հայաստանը ստացել է այդ պետությունից անկախություն ձեռք բերելու պահից ի վեր, երախտապարտություն է հայտնում այն ջանքերի համար, որ ԱՄՆ-ը գործադրում է տարածաշրջանային կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելու համար և´ որպես համանախագահող կողմ արցախյան հիմնախնդրի հարցում, և´ որպես խաղաղության և հանդուրժողականության բազմաթիվ ծրագրերի հովանավորող:
«Միաժամանակ, կցանկանայի Ձեր ուշադրությունը սևեռել այն հանգամանքի վրա, որ որոշ անձանց համար ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ծրագրերը դարձել են ուղղակի հարստացման միջոց, առանց լուծելու այն խնդիրները, որոնց համար և ուղղվում են ԱՄՆ-ի հարկատուներից հավաքված միջոցները: Այսպես, արդեն 3-րդ տարին է, որ Գեորգի Վանյանի կողմից Հայաստանում փորձեր են կատարվում անցկացնել այսպես կոչված «Ադրբեջանական ֆիլմերի փառատոն» միջոցառումը, որն ըստ հեղինակի միտված է հայ և ադրբեջանական հասարակությունների միջև երկխոսություն հաստատելու նպատակին:
Ինչպես ցույց տվեց ժամանակը, տվյալ միջոցառում մատնված էր անհաջողության մի շարք պատճառներով.
ա. Երկխոսություն հաստատելու համար անհրաժեշտ է երկրորդ կողմի մասնակցությունը, ինչն ի սկզբանե բացառված էր` հաշվի առնելով այն հակահայկական հիստերիան, որը տիրում է Ադրբեջանում վերջին տարիներին: Պատկերացնել այդպիսի փառատոնի անցկացումը Ադրբեջանում մոտակա տարիներին, առնվազն մանկամտություն է:
բ. Երբ փորձ կատարվեց փառատոնը անցկացնել Երևանում, կազմակերպիչները բախվեցին հասարակության լայն շերտերի դիմադրությանը, քանի որ այդպես էլ չկարողացան բացատրել միջոցառման նպատակները և անհրաժեշտությունը:
Ավելին, Վանյանի պահվածքն ամբողջ դիմակայության ընթացքում ապացուցեց, որ ինքը շահագրգռված է ավելի շատ աղմուկ հանելու և իրեն ազգայնականների զոհ ներկայացնելու , քան փառատոնը անցկացնելուն:
Այսպես նա խուսափեց ներկայանալ բանավեճի «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում: «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդմանը մասնակցելու համար պահանջեց, որ հակառակ կողմը չմասնակցի հաղորդմանը: Բացի այդ, և´ նշված հաղորդման ժամանակ, և´ մամլո ասուլիսի ընթացքում բազմաթիվ վիրավորանքներ և հայհոյանքների տարափ ուղղեց և´ բլոգերներին , և´ լրագրողներին, և´ հայ հասարակության այն շերտի հասցեին, ովքեր դեմ էին փառատոնի անցկացմանը:
Ի վերջո, Վանյանի փորձերը անցկացնել այդ ժամանակավրեպ և իմաստազուրկ փառատոնը ավարտվեցին անհաջողությամբ ինչպես Երևանում , այնպես էլ Վանաձորում, քանի որ չգտնվեց գեթ մի հոգի, ով պատրաստ էր տարածք տրամադրել այս աննպատակ միջոցառման համար:
Մենք լիահույս էինք, որ Վանյանն ի վերջո հասկացավ իր նախաձեռնած ավանտյուրայի աննպատակահարմարությունը: Սակայն, մի քանի օր առաջ իմացանք , որ նա կրկին փորձ է անում անցկացնել այս փառատոնը արդեն Գյումրիում, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի աջակցությամբ: Ավելին, փառատոնի անցկացումը չգիտես ինչու նախաձեռնվում է այն օրերին, երբ հայ ազգը սգում է Մարաղայում ցեղասպանված 53 հայերի հիշատակը:
Մեծարգո Դեսպան, ի՞նչ է կատարվել փաստացի: Այն ծրագիրը, որը հովանավորվում է ԱՄՆ-ի հարկատուների կողմից և նպատակաուղղված է հայ-ադրբեջանական երկխոսության առաջացմանը, ունեցավ ահա այս արդյունքները.
ա. Վանյանի ոչ ադեկվատ պահվածքի պատճառով նա ավելի մեծ թշնամանքի ալիք բարձրացրեց հարևան հանրապետությունում բնակվող և Վանյանի «խաղաղասիրությունից» անտեղյակ մարդկանց հանդեպ:
բ. Վանյանի ագրեսիվ կեցվածքը, քաղաքացիական հասարակության մեծամասնության կամքին հակառակվելը, ամեն կերպ միջոցառում անցկացնելու մոլուցքը մեծ հարված հասցրեց շիտակ նպատակներով ծրագիրը հովանավորող պետության բարի համբավին:
գ. Վանյանի նախաձեռնությունները տարակուսանք են հարուցել նույնիսկ Ադրբեջանում, որտեղ պետական մակարդակով զարմանք էր հայտնվում այսպիսի միջոցառումներին ադրբեջանցի ռեժիսորների ֆիլմերի մասնակցությունը: Ավելին, սրանով Վանյանը նաև վտանգի տակ է դնում այդ մարդկանց և´ ապագա ստեղծագործական գործունեությունը. և´ կյանքը:
դ. Անզեն աչքով երևում է, որ Վանյանի գործունեությունը 2007 թվականից հայ-ադրբեջանական հաշտեցման ուղղությամբ որևէ տեսանելի արդյունքի չի հասել, ինչից եզրակացնում եմ, որ սա ուղղակի ժամանակի և դոնոր կազմակերպությունների ռեսուրսների աննպատակ վատնում էր:
Պարոն Դեսպան, Վանյանի այս, ամեն գնով փառատոնը անցկացնելու անհասկանալի ոգևորությունը միայն մի եզրահանգման է բերում: Նա , մեղմ ասած, թքած ունի և´ երկու ժողովուրդների երկխոսության հաստատման վրա, և´ կոնֆլիկտի լուծման վրա:
Նրա միակ նպատակը դա այս թեմայի շրջանականերում նորանոր դրամաշնորհային միջոցների ստացումն ու հետագա վատնումն է: Նա զոհի դիմակ է հագնում սեփական երկրի և ազգի արժանապատվության հաշվին:
Պարոն Դեսպան, ես չգիտեմ` ո՞րն է այս փառատոնի համար տրամադրված դրամաշնորհի ճակատագիրը և ինձ առանձնապես դա չի հետաքրքրում: Պարզապես որպես մի երկրի քաղաքացի, որն արդեն քսան տարի է` գտնվում է սառը պատերազմական իրավիճակում, կոչ եմ անում. ուշադի´ր եղեք բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր սեփական հարստացման համար պատրաստ են ամեն ինչի: Այսպիսի մարդկանցից բացի վնասից որևէ այլ բան սպասելն անիմաստ է: Հաշտեցման և հանդուրժողականության խնդիրներով պետք է զբաղվեն այն մարդիկ, ում սիրտն իսկապես ցավում է չլուծված կոնֆլիկտի պատճառով շարունակվող զոհերի համար:
Մարդկային կյանքը, լինի դա հայի, թե ադրբեջանցու, բարձրագույն արժեքն է, և բիզնես անել դրա վրա առնվազն ստորություն է»:
Նախորդող հրապարակում`
«Հայազն». Ադրբեջանական ժողովրդին կարճամետրաժ ֆիլմերով չէ, որ պիտի ճանաչենք
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա