Սաֆարյանը Ավանի բանուկ հատվածում տարածք չի գտնում. Օգնության է կանչել ֆեյսբուքցիներին
Թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը կանգնել է Ավան վարչական շրջանում գրասենյակի համար տարածք վարձելու խնդրի առաջ: Երեկ նա նույնիսկ օգնության ակնկալիքով դիմել է ֆեսբուքի ավանցի օգտատերերին:
«Դիմում եմ հատկապես նրանց, ովքեր Ավանի տարածքում են բնակվում կամ առնչություն ունեն: Եթե որևէ մեկը վարձակալությամբ տրվող տարածքի տեղ գիտի Ավանի բանուկ և մարդաշատ վայրերում /օրինակ Սթարի տարածքում կամ նման այլ տեղ/, խնդրում եմ տեղեկացնել: Արդեն քանի շաբաթ է, հնարավոր չէ չգտնել նման մի տարածք, որը կարելի կլիներ վարձակալել 1 ամիս ժամանակով` Նոր նորքում գործող հիմնական գրասենյակից բացի նաև այնտեղից ընտրարշավը կազմակերպելու ու համակարգելու համար: Ուրախ և շնորհակալ կլինեմ առաջարկներ լսելու կապակցութամբ: Կանխավ շնորհակալություն»:
Այս պահի դրությամբ Ս. Սաֆարյանին դեռևս չի հաջողվել որևէ տարածք վարձակալել, ֆեյսբուքահայերից էլ օգնող առաջարկներ չի ստացել: «Ակնհայտ է, որ մարդիկ վախենում են ընդդիմադիր կուսակցությանը տարածք տրամադրել»,-իր եզրահանգումն է ներկայացնում վերընտրվել ցանկացող պատգամվորը, նշելով, որ իր մտերիմների հետ վարձակալության համար տարածք ունեցողներն անկեղծացել են, թե չեն կարող ընդդիմությանը տարածք տրամադրել:
Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական կարգով այս պահին առաջադրված են նաև Ռուբեն Հայրապետյանը, ում սատարում է ՀՀԿ-ն, լրագրող Գայանե Առուստամյանը, ում աջակցում է ՀԱԿ-ը:
Ս. Սաֆարյանի խոսքով, մեծամասնական կարգով առաջադրված իր կուսակից ընկերները նման խնդրի չեն հանդիպել: «Ամբողջ խնդիրն այն է, որ բոլորի ընտրատարածքը մեկ վարչական շրջան է ընդգրկում, մեկ կենտրոնով էլի հնարավոր է, բայց քանի որ իմ ընտրատարածքը ներառում է ընտրատեղամասեր ամբողջ Ավանում, նաև Նոր Նորքի մի հատվածում, ես ուզում էի երկու գրասենյակ ունենալ»,-ասաց Սաֆարյանը:
Պատգամավորն անձամբ է ձեռնամուխ եղել տարածք փնտրելուն, շրջել է ողջ Ավանում, կատարել տասնյակ զանգեր, խոսակցությունն անգամ գումարին ու դրա չափին չի հասնում: «Տպավորությունն այնպիսին է, և դա հաստատեցին մի քանի աղբյուրներ, որ երկու ամիս առաջ բոլոր հնարավոր տարածքները պարզապես ձևի համար վարձակալված են»,-ասաց մեր զրուցակիցը, վկայակոչելով, իր շտաբի աշխատակիցների պատմածները, թե որոշ տեղերում ուղղակի ձևի համար փակցված են ՀՀԿ-ի պաստառները:
«Երկու ամիս առաջ չէի կարող կանխատեսել, որ իմ մրցակիցները նման քայլի կգնան: Ես չեմ կարծում, որ նրանց այդքան շտաբներ պետք է: Միմյանցից 5 մետր հեռավորության գտնվող երկու շենքի առաջին հարկերը զբաղեցրած է ՀՀԿ-ի համար»,-ասաց նա:
Տարածքի խնդիրը Սաֆարյանի հաղթելու տրամադրվածության վրա չի ազդել, համարում է, որ ունի հաղթելու մեծ շանսեր: «Միևնույն է` անցած անգամ մենք մեկ շտաբով հրաշալի ձայներ ենք ստացել այս տարածքից: Ես միանգամայն վստահ եմ զգում ինձ, որովհետև կան դրա բոլոր հիմքերը»,-ասաց Սաֆարյանը, նշելով, որ բազմաթիվ կամավորներ առաջարկում են իրենց օգնությունը, դիմում են «մարդիկ, որոնք պարզապես ասում են, շատ սիրում են ինձ, այլընրանք համարում են ինձ»: