Ադանայում նախատեսվում է կառուցել Խոջալուին նվիրված հուշակոթող
Թուրքական մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ (Sondakika, Beyaz gazete, Time Turk) տեղեկացնում են, որ Ադանա քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում նախատեսվում է կառուցել Խոջալուի դեպքերին նվիրված հուշարձան:
Ադանայի նահանգային խորհրդի անդամ Մուստաֆա Հալաչօղլուն խորհրդի լիագում նիստի ժամանակ հանդես է եկել քաղաքում իբր Խոջալուի կոտորածը խորհրդանշող հուշարձան կառուցելու առաջարկով:
«Պետք է չթողնենք, որ մեր նոր սերունդը մոռանա այդ դեպքերը: Թուրքիայի ամեն մի նահանգում մենք պետք է կառուցենք Խոջալուին և 1915-ին կոտորածի ենթարկված թուրքերին նվիրված հուշակոթողներ: Դրանք մեր պատմական հիշողության կենդանի վկաները կլինեն: Թշնամություն չսերմանող, բայց պատմական իրադարձությունների մասին հիշեցնող հուշարձաններ պետք է լինեն»,- ասել է Հալաչօղլուն` հավելելով, որ նահանգային խորհրդի անդամներն ընդունել են իր առաջարկը:
Նշենք,իրականում Խոջալուի բնակիչները դարձել էին Բաքվի իշխանությունների կեղտոտ խաղերի պատանդները, որոնք այնուհետև այդ ողբերգությունը վերածեցին շահարկային քաղաքական կապիտալի: Խոջալուի բնակիչների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից կատարված դավաճանությունը պաշտոնական Բաքուն փորձում է ներկայացնել որպես հայերի վրեժխնդրություն` Սումգայիթում կազմակերպված արյունալի խրախճանքի համար: Ընդ որում, ամբողջ քարոզչությունն իրականացվում է վառ արտահայտված անվանարկումներով և հայերի դեմ ուղղված էթնիկ անզսպության և ատելության շիկացմամբ: «Խոջալու» խաղաքարտը կանոնավոր կերպով խաղարկելով` պաշտոնական Բաքուն փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Խանլարում և Ադրբեջանի /որի ողջ տարածքով մեկ փաստորեն բացեիբաց իրականացվում էր հայերի բնաջնջում/ այլ բնակավայրերում, ինչպես նաև ԼՂՀ սահմանամերձ բնակավայրերում, մասնավորապես, Մարաղա գյուղում /ուր 1992թ. ապրիլին ներխուժած ադրբեջանական կանոնավոր բանակի ստորաբաժանումները գազանաբար հաշվեարդար տեսան մոտ 100 խաղաղ բնակիչների նկատմամբ/ կազմակերպված հայկական կոտորածներից:
Ցավոք, համաշխարհային հանրության կողմից առ այսօր պատշաճ գնահատականի չեն արժանացել Ադրբեջանի կողմից կատարված այդ հանցագործությունները:
Հիշեցնենք, որ 1915-ին թուրքական իշխանությունները կազմակերպել ու իրականացրել են արևմտահայության տեղահանություն և զանգվածային բնաջնջում, որը նախապես ծրագրված է եղել: Հայոց ցեղասպանության ժամանակագրությունը պատմագիտական գրականության մեջ առավել լայն ընդգրկումով ընդունված է համարել 1892-1923թթ. ընկած ժամանակահատվածը: Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայկական այդ ողբերգությունը բնութագրելու համար արաբ պատմաբան Մուսա Պրենդը շրջանառության մեջ դրեց Արմենոցիդ տերմինը (հայասպանություն): Այժմ աշխարհի 21 պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, որոնցից երկուսում` Շվեյցարիայում և Սլովակիայում, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեական հանցագործություն է համարվում: Աշխարհի հայտնի ցեղասպանագետներ և գիտական լայն շրջանակները 1915թ. իրադարձությունները որակում են որպես ազգի ոչնչացման նպատակով կանխամտածված գործողություններ, այսինքն՝ ցեղասպանություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու