Իսլամական գործոնի ակտիվացումը «Արաբական գարնանից» հետո
2010 թ-ի վերջից արաբական երկրներում սկսված զանգվածային շարժումների ու ցույցերի արդյունքում Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում տապալվեցին ավտորիտար վարչակարգերը, հակակառավարական ցույցեր անցկացվեցին Ալժիրում, Մարոկոյում, Մավրիտանիայում, Հորդանանում, Իրաքում, Եմենում, Բահրեյնում, Սուդանում, Լիբանանում, բարդ իրավիճակ ստեղծվեց Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում, ճգնաժամի մեջ է հայտնվել Սիրիան: Արաբական երկրներում տեղ գտած փոփոխություններն, իրենց յուրահատկություններով հանդերձ, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնների ազդեցության արդյունք են:
Մուսուլմանական հասարակություններում վաղուց նկատվող տարաբնույթ դժգոհությունները, որոնք էլ ավելի խորացան մուսուլմանական ավտորիտար վարչակարգերի կողմից ձախողված սոցիալ-տնտեսական քաղաքականության և համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով, փողոց դուրս բերեցին վարչակարգերի հեռացումը պահանջող զանգվածներին: Այս գործընթացներում նկատելի է նաև իսլամական արմատական կազմակերպությունների ակտիվ դերակատարումը, որոնք, հասարակական-քաղաքական հակամարտությունների սկզբնական փուլում չլինելով առաջամարտիկ, ի վերջո ի զորու եղան օգտագործել հասարակական հեղափոխական ներուժը` դառնալով գալիք փոփոխությունների կարևոր դերակատարներից և գործոններից մեկը:
Իսլամական ուժերը փորձում են լցնել այն քաղաքական վակումը, որն առաջացավ արաբական հասարակություններում «Արաբական գարնանից» հետո: Ընդհատակյա գործունեության հետևանքով իրենց կազմակերպչական, կարգապահական և կառուցվածքային յուրահատկություններով աչքի ընկած արմատական իսլամիստները, որոնք մինչ այդ հիմնականում հեռացված էին քաղաքական պայքարից, իրենց ուշադրության կենտրոնում էին պահում հատկապես արաբական սոցիալապես անապահով և չքավորության մեջ ապրող բնակչության զգալի հատվածին, որն իր կենսական խնդիրների և ճգնաժամից դուրս գալու լուծումը սրա արդյունքում տեսնում էր լոկ իսլամական գաղափարախոսության հաղթանակի մեջ` հետհեղափոխական ընտրություններում վստահություն հայտնելով բացառապես իսլամական ուժերին: Թունիսում, Եգիպտոսում և Լիբիայում տեղի ունեցած հետհեղափոխական ընտրություններում հաջողություն արձանագրեցին իսլամական արմատական կազմակերպությունները:
|
Ստանալով ֆինանսական զգալի աջակցություն մի շարք երկրներից, հատկապես Պարսից ծոցի հարուստ արաբական միապետություններից, իսլամական ուժերն աստիճանաբար դառնում են հակակշիռ մուսուլմանական աշխարհիկ պետությունների համար` փորձելով կառուցել իսլամական ավանդույթների վրա հիմնված պետական համակարգեր: Մարոկոյում, Մավրիտանիայում, Ալժիրում և մի շարք արաբական երկրներում սկսված զանգվածային դժգոհությունները, որտեղ ակտիվ էին իսլամական կառույցները, հնարավոր եղավ որոշ չափով հանդարտեցնել միայն իշխանությունների կողմից բարեփոխումների անցկացման պատրաստակամության շնորհիվ: Սիրիայում ընթացող հակակառավարական գործընթացներում ակտիվորեն մասնակցում են իսլամական արմատական ուժերը:
Իսլամական արմատական գաղափարախոսությունը, որն իր ուրույն տեղն էր գտել 20-րդ դարի մուսուլմանական երկրների սոցիալ-քաղաքական զարգացումներում և նոր մակարդակի վրա բարձրացել 1970-ական թթ-ին, դարավերջին թվում էր սպառել է իրեն, սակայն 2001թ. սեպտեմբերի 11–ի ահաբեկչալան գործողությունները և արդի աշխարհաքաղաքական գործընթացները ապացուցում են հակառակը: Ի վերջո միայն ժամանակը ցույց կտա, թե այդ բոլոր զարգացումների արդյունքում կունենանք արդյոք «Թալիբական Աֆղանստանի» տիպի նոր մուսուլմանական երկրներ, թե իսլամական ուժերը կստանձնեն պատասխանատվություն և կանցկացնեն սոցիալական, քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ արաբական երկրներում` այս գործընթացներում ներգրավելով հասարակական-քաղաքական բոլոր շերտերը, ինչը կնպաստի արաբական քաղաքական կոնսենսուսի և կայունության ձևավորմանը` դառնալով հասարակության լուրջ վերափոխումների պատճառ, ազդելով մուսուլմանական աշխարհի ներքին զարգացումների և այլ քաղաքակրթական դաշտի երկրների հետ հարաբերությունների բնույթի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում