ԿԳՆ. Բրյուսովում տրվել են գոյություն չունեցող մասնագիտություններով դիպլոմներ
«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում իրականացված վերահսկողության ընթացքում բացահայտվել և արձանագրվել են համալսարանի ռեկտորի կողմից կատարված մի շարք խախտումներ, որոնք առնչվում են համալսարանի կրթական գործունեության մի շարք ուղղություններին»,- տեղեկացնում է Կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունը և մասնավորեցնում.
«1. Խախտումներ, որոնք վերաբերում են համալսարանի ռեկտորի կողմից հաստատված ներքին իրավական ակտերին: Ներքին իրավական ակտերը, մասնավորապես, «Ուսանողների հեռացման /ազատման/, վերականգնման, առարկաների վերահանձման և կուրսի կրկնության կարգը», «ԵՊԼՀ-ում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգը», «ԵՊԼՀ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման լրամշակված կարգը», «ԵՊԼՀ անհատական ժամանակացույցով ուսուցման տրամադրման կարգը», հակասում են ՀՀ օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին:
Օրինակ, ՀՀ օրենքներով նախատեսված չէ անհատական ժամանակացույցով ուսուցման ձև, սակայն համալսարանի ռեկտորի կողմից հաստատվել է կարգ, որով նախատեսվում և իրականացվում է անհատական ժամանակացույցով ուսուցում կամ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված չէ շրջանավարտներին ամփոփիչ ատեստավորման անբավարար արդյունքներով որակավորում չշնորհելու /դիպլոմ չտալու/ դեպքում հետագա տարիներին ամփոփիչ ատեստավորմանը մասնակցելու սահմանափակում, այնինչ համալսարանի ռեկտորի կողմից հաստատված կարգով ամփոփիչ ատեստավորման անբավարար արդյունքներ ունեցող շրջանավարտները կարող են վերահանձնել ոչ ուշ, քան 5 տարի հետո և երկու անգամից ոչ ավելի: Վերջինս ուսանողների իրավունքների կոպիտ ոտնահարում և սահմանափակում է:
2. Խախտումներ, որոնք վերաբերում են ՀՀ օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին՝ ուսանողների տեղափոխությունների, հեռացումների, վերականգնումների, ակադեմիական արձակուրդների ձևակերպման գործընթացների իրականացման ընթացքում: Օրինակ, կատարվել է ներբուհական տեղափոխություն առաջին կուրսում, բուհից բուհ տեղափոխություն առանց ակադեմիական տեղեկանքի, ձևակերպվել է հետին թվով ակադեմիական արձակուրդ` առանց բժշկական տեղեկանքի, ակադեմիական արձակուրդը երկարաձգվել է ևս մեկ տարով, իրականացվել է անհատական գրաֆիկով ուսուցում՝ ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկանքի հիման վրա, կատարվել է ուսանողի վերականգնում առաջին կուրսի առաջին կիսամյակից, կատարվել է արտերկրի ուսումնական հաստատություններից տեղափոխություն` առանց համապատասխան հաստատությունից հարցման դրական պատասխանի:
3. Խախտումներ, որոնք կատարվել են դիպլոմների լրացման գործընթացում, ինչի հետևանքով տրվել են գոյություն չունեցող մասնագիտություններով /օրինակ, անգլերեն լեզու և երկրագիտություն մասնագիտությամբ/ դիպլոմներ»:
Նախորդող լուր` Զոլյան-Աշոտյան հեռակա բանվեճը շարունակվում է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան