Ուսումնասիրություն. Facebook-ը` որպես լուրջ քարոզչական հարթակ, կգերազանցի TV-ներին
«Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջին անգամ է, որ Facebook սոցիալական ցանցը Հայաստանում շատ լուրջ քարոզչական դերակատարություն է ստանալու, ընդ որում` գերազանցելով նույնիսկ հեռուստատեսությանը», - այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց «Ռեգիոն» հետազոտական ընկերության ներկայացուցիչ Լաուրա Բաղդասարյանը` ներկայացնելով փետրվարի 1-ից մարտի 31-ը իրականացված «Ֆեյսբուքը՝ որպես նախընտրական հարթակ» հետազոտության առաջին փուլի արդյունքները:
Ըստ բանախոսի` մարտի վերջի տվյալներով Facebook սոցիալական կայքում կա ավելի քան 290 հազար 840 հայաստանցի օգտատեր, որոնցից 83 տոկոսը 18 և ավելի տարիք ունեցող քաղաքացիներ են: «Դրանցից 36 տոկոսը` 18-30 տարեկաններ են, ովքեր համարվում են չկողմնորոշված ընտրողներ, և կուսակցություններն իրենց կողմ քաշելու խնդիրը հեշտությամբ կարող են լուծել», - նշեց նա:
Լաուրա Բաղդասարյանի խոսքով` Facebook-ում քարոզչությունը շատ մեծ ծավալների է հասնում: «Այստեղ ամեն ինչ ավելի հեշտ է: Նախ պետք է նշենք ֆինանսական կողմը: Բոլորս էլ գիտենք, որ ԶԼՄ-ների միջոցով քարոզչություն անելը գումար արժե, իսկ ահա այստեղ գումարներ պետք չեն: Facebook-ում կարելի է իրականացնել ամենատարբեր տեսակի քարոզչություն: Սա բաց հարթակ է կուսակցությունների համար, որտեղ կարող են ցանկացած չափի քարոզչություն իրականացնել և չվճարել ոչինչ: Դա կարևոր հանգամանք է նոր ստեղծվող կուսակցությունների համար», - ասաց նա:
Սոցցանցում, ըստ բանախոսի, այսօր գրանցված են քաղաքական շատ գործիչներ, նախարարներ, պատգամավորներ, և այդ կերպ հասանելի են դարձել ընտրողներին:
Նրա խոսքով, Ֆեյսբուքում շատ պասիվ է ՕԵԿ-ը, օրինակ՝ ներկայացված չէ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, իսկ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի անձնական էջը պաշտոնական լրահոս է միայն ներկայացնում և զուրկ է քննարկումներից կամ երկխոսություններից: Ըստ բանախոսի, զուրկ է երկխոսություններից նաև ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանի էջը, որը մինչև վերջերս փակ էր: Նա նաև տեղեկացրեց, որ վերլուծական խմբին չհաջողվեծ հայտնաբերել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի ֆեյսբուքյան էջը: Միաժամանակ Լ.Բաղդասարյանը շեշտեց, որ ուսումնասիրության շրջանակներում ներառված են քաղաքական և պետական գործիչների միայն անձնական այն էջերը, որտեղ վերջիններս նշում են իրենց կուսակցական պատկանելությունը:
«Ինտերակտվիությունը Facebook-ի ամենահետաքրքիր մասն է: Սա հնարավորություն է տալիս հետադարձ կապ ընտրողների և ընտրվողների միջև, ինչը հնարավոր չէ անգամ հեռուստատեսային մեդիայի միջոցով: Անգամ հեռուստադեբատները չեն կարող դա տալ հեռուստադիտողներին, կապ պահպանել քարոզչություն իրականացնողի հետ, ինչպիսի հնարավորություն տալիս է Facebook-ը»,– ասաց Լ.Բաղդասարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին