Ավանում ընդդիմության թեկնածուները միմյանց դեմ կպայքարեն
«Голос Армении»-ն անդրադարձել է մայրաքաղաքի մի քանի ընտրատարածքներում ձևավորված իրավիճակին: Մասնավորապես խոսելով թիվ1 ընտրատարածքի մասին, ուր ձայների համար մրցելու են ՀԱԿ-ից Գայանե Առուստամյանը, «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը և իշխանության թեկնածու Ռուբեն Հայրապետյանը` թերթը նկատում է, որ իր հարազատ Ավանում Հայրապետյանն ունի արդեն ձևավորված ընտրազանգված, և ընդդիմության թեկնածուներն իրականում պայքարելու են միմյանց դեմ և ձայներն իրար միջև են կիսելու: Մի փոքր այլ է իրավիճակը թիվ 4 ընտրատեղամասում, ուր իրար հետ կմրցեն Զարուհի Փոստանջյանը` «Ժառանգությունից», ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը և SAS սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը: «ГА»-ն նկատում է, որ Արաբկիրում ՀՀՇ-ին դժվար թե ձայն տան, իսկ ահա «Վիշապների այգին» փրկած Զարուհի Փոստանջյանը Արտակ Սարգսյանին հաղթելու մեծ շանսեր ունի: Անդրադառնալով Էրեբունու 12-րդ և 13-րդ ընտրատեղամասերում ձևավորված կոնյուկտուրային` թերթը գրում է, որ այստեղ տեղին է մեջբերել «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանի խոսքերը. «Բանակցություններն առկա են, սակայն Կոնգրեսն այն վարում է ոչ թե ընդդիմության, այլ իշխանական կոալիցիայի ներկայացուցիչների հետ»: «ГА»-ն նշում է, որ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) հետ հանդիպման ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի զարմիկ Տիգրան Տեր-Պետրոսյանը համաձայնության է եկել վերջինիս հետ, և Տիգրան Տեր-Պետրոսյանի առաջադրած ընտրատեղամասում ՀՀԿ-ն որևէ թեկնածու չի առաջադրել: