Կ. Աճեմյան. ՀՀԿ-ի ծրագրերն ուղղված են հասարակության բոլոր խավերին
«Ժողովուրդն այս տարիների ընթացքում հնարավորություն ունեցել է տեսնելու ու գնահատելու մեր աշխատանքը: Նախընտրական շրջանում իրականացվող աշխատանքները յուրօրինակ հնարավորություն են՝ հասարակությանը ներկայացնելու մինչ այս իրականացված նոր իրագործվելիք ծրագրերը»,- անդրադառնալով այն հարցին, թե՝ ՀՀԿ-ն երկար ժամանակ իշխանության մեջ է ու քաղաքացին ինքն արդեն այս ընթացքում գնահատել է արվածն ու չարվածը, այդ պարագայում ի՞նչ խնդիր է ՀՀԿ-ն լուծում նախընտրական փուլում՝ Panorama.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Հարցին, թե՝ ի՞նչ եք կարծում, արդյոք քաղաքացին կարդում ու գնահատում է կուսակցությունների ծրագրերն ու ըստ դրա վերջնական որոշում կայացնում, պատգամավորը նշեց. «Ամեն քաղաքացի չէ, որ հնարավորություն ունի ուսումնասիրելու քաղաքական ուժերի կողմից ներկայացնող ծրագրերը և դա է պատճառը, որ ՀՀԿ-ում առանձին աշխատանքային խմբեր են ստեղծվել, որոնք ժողովրդի հետ անմիջական շփումների միջոցով նրանց են հասցնում կուսակցության ծրագիրը»:
Ըստ բանախոսի՝ հասարակության տարբեր շերտերի հետ անմիջական հանդիպումները շատ կարևոր են, որովհետև ՀՀԿ-ի ծրագրերն ուղղված հասարակության բոլոր խավերին և այդ հանդիպումների ժամանակ հնարավոր է լինում ճշտել, թե մարդիկ իրականում ի՞նչ են ակնկալում քաղաքական ուժերից:
Հարցին, թե՝ ո՞ւմ եք համարում ՀՀԿ-ի ընտրազանգվածը, վերջինս նշեց. «ՀՀԿ կայուն ու բազմաշերտ էլեկտորատ ունի, ովքեր ցանկացած իրավիճակում կուսակցության կողքին են. ՀՀԿ-ի ընտրազանգված տարբեր մասնագիտությունների ու ապրելակերպի տեր մարդիկ են»: