Կոնգրեսի առաջնորդ. Մենք ձգտում ենք խորհրդարանը վերածել քաղաքական մարմնի
«Ճառ չեմ ասելու, վերամբարձ խոսքեր չեմ ասելու, երկրի վիճակը չեմ նկարագրելու` դուք շատ լավ գիտեք և բոլոր դժբախոտությունները զգում եք ձեր մաշկի վրա», -այսօր նախընտրական քարոզչության շրջանակներում Եղվարդի բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նա չխոսեց Կոնգրեսի ծրագրերի մասին և ասաց, որ 1999 թվականից հետո իրական, ռեալ աշխատող խորհրդարան չի եղել: Հիշեց իր նախագահության ժամանակների խորհրդարանը և ասաց, որ այն ժամանակների Ազգային ժողովը իրական հակակշիռ է եղել. «վարչապետ Հրանտ Բագրատյանի հոգին ուտում էր: Մեր ժամանակ օրենքի ընդունում կարող էր երկու-երեք ամիս ձգձգվեր»:
Այսօր, առաջին նախագահի խոսքով, կա հնարավորություն, որ Կոնգրեսին կհաջողվի իրական հակակշիռ ստեղծել խորհրդարանում և դրա համար «մի քանի նոր հանգամանքներ» իրեն վստահություն են ներշնչում:
Առաջին հանգամանքը, որը մատնանշեց Տեր-Պետրոսյանը, այն է, որ Հայ Ազգային կոնգրեսը չորս տարի շարունակ պայքարել է, դրա անդամները բանտերով են անցել:
«Այսպիսի ուժ հետխորհրդային հանրապետություններից ոչ մեկում չկա: Բոլոր պատվիրակությունները, որ ժամանում են Երևան հանդիպում են նախագահի, վարչապետի և ինձ հետ, հասկանում են, որ կա հակակշիռ ուժ», -բացատրեց նա:
Երկրորդ հանգամանքը, ըստ Կոնգրեսի առաջնորդի, այն է, որ Կոալիցիան այսօր արդեն «պառակտված է»:
«ԲՀԿ-ն ձգտում է ինքնուրույնության: ԲՀԿ-ն աջակցեց Դաշնակցության և «Ժառանգության» օրեսնդրական նախաձեռնությանը, և ընդամենը վերջերս ԲՀԿ-ն, Կոնգրեսը, Դաշնակցությունը և Ժառանգությունը ստեղծել են միասնական շտաբ: Սրանք քայլեր են, որոնք ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն գործում է կոալիցիայից անջատ» -հայտարարեց ՀԱԿ առաջնորդը:
Մյուս հանգամանքը, որ նշեց Տեր-Պետրոսյանը, միջազգային հանրության վերաբերմունքի փոփոխությունն մեր երկրի նկատմամբ:
Ավարտելով ելույթը` Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Մենք ձգտում ենք խորհրդարանը վերածել քաղաքական մարմնի: Համաձայն կլինեմ, թող երկիրը ղեկավարի Դաշնակցությունը, կոմունիստները, բայց ոչ գողերն ու ավազակները, ինչպիսին Հանրապետական կուսակցությունն է: Ընդամենը սա ենք ուզում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա