Չեմ հավատում, որ Կոտայքի մարզպետն ամոթ ունենա. Սասուն Միքայելյանի հարցազրույցը
Հրազդան քաղաքն ու հարակից մի քանի շրջաններն ընդգրկող թիվ 25 ընտրատարածքում խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով հինգ թեկնածու է առաջադրվել` անկուսակցականներ Հովսեփ Գալստյանը, Մուշեղ Հարությունյանը, Սասուն Միքայելյանը, «Օրինաց երկիր» կուսկացությունից Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից Դավիթ Քոչարյանը:
Ընտրապայքարի և Հրազդանում նախընտրական տրամադրությունների մասին Panorama.am-ը խոսել է Սասուն Միքայելյանի հետ, որին պաշտպանում է Հայ Ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը:
-Պարոն Միքայելյան, ինչպե՞ս է ընտրապայքարն ընթանում թիվ 25 ընտրատարածքում:
-Նորմալ, գոհ եմ:
-Որևէ անհարթություն ընտրացուցակներում չկա՞:
-Կան, լիքը խախտումներ կան, բայց դրանց մասին առայժմս չեմ կարող խոսել:
-Ինչո՞ւ:
-Դե դուք գիտեք ինչի մասին է խոսքը` բնակարանների վրա շատ թվով մարդիկ են գրանցում, որ սկի բնակիչն էլ չի իմանում, թե ովքեր են գրանցված իր տան վրա:
-Իսկ ինչ-որ քայլեր արե՞լ եք, դիմե՞լ եք ոստիկանություն:
-Քայլ չես կարող անել, դիմում ես, ոչինչ չեն անում: Միայն Ազգային ժողովում է հնարավոր հարց բարձրացնել ու ինչ-որ փոփոխություններ անել:
-Եղվարդում ձեր ելույթում հայտարարեցիք, որ ճնշումներ են գործադրվում, ի՞նչ ճնշումների մասին է խոսքը:
-Վարչական ռեսուրս է գործադրվում ընտրություններից առաջ:
-Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը որքանո՞վ է մասնակից դրան:
-Հլա որ չի խառնվում, ամոթ էլ ա, մի անգամ խառնվեց, ի՞նչ արեց, խայտառակ էղավ:
-Այսինքն ամոթ է ու չի՞ խառնվում, իսկ կամաչի՞:
-Եթե կհասկանա, ամաչի, ուրեմն` նրա մեջ մարդկային բաներ կան: Չեմ կարծում, չեմ հավատում, որ ամոթ ունենա: Մարզպետը պետք է ապահովի, որ ժողովուրդը խաղաղ, քաղաքակիրթ ձևով գնա ընտրության: Իսկ էս մարզպետը հանգիստ հայտարարում ա` մենք կաշառք չենք բաժանում, և ինչ տալիս ենք, համարում ենք օգնություն, ոչ թե կաշառք էն էլ նախընտրական արշավի ժամանակ, պարզ չի՞ ինչ է կատարվում:
-Թիվ 25 ընտրատարածքում թեկնածուներ կան ՕԵԿ-ից, ԲՀԿ-ից և երկու անկուսակցականներ, ո՞ւմ եք ձեզ մրցակից համարում:
-Ինձ համար բոլորն էլ մրցակից են: Պայքարում ենք, որ հաղթենք, իսկ իմ հաղթելու հնարավորություններն էլ մեծ են:
-Ի՞նչ հիմքեր ունեք էդպես վստահ հայտարարելու:
-Եթե վստահ չլինեի, թեկնածությունս խի՞ պտի դնեի:
-Տեսակետ կա, որ այդ տարածքը ձերն է և ընտրապայքարում հաղթող եք դուրս գալու:
-Ես ծառայել եմ իմ ժողովրդին, եղել եմ Հրազդանի քաղաքապետ և չորս անգամ մեծամասնականով ընտրված պատգամավոր, և այդ տարիների արած գործը ժողովուրդը գնահատում է: Ինչքան գումար բաժանեցին, ինչքան վարչական ռեսուրս օգտագործեցին, բոլորի վրա Հրազդանի քաղաքապետի ընտրություններում աշխատել էին, բայց արդյունք չտվեց: Այսինքն` այդ 12 հազար մարդը, որ ձայն տվեց ինձ քաղաքապետի ընտրություններում, մտահոգ է իր երկրի, իր հարազատների ապագայի համար: Էս երկրում մարդիկ փոփոխություն են ուզում ու էսօր մենք ոչ մի բանի առաջ չպիտի կանգնենք, որպեսզի հաղթենք, որպեսզի մեծամասնականով մտնենք պառլամետ, թեկուզ մեծամասնություն չկազմենք, բայց մեծ ձայներով մտնենք պառլամենտ, որպեսզի պառլամենտում ինչ-որ բան փոխենք: