Վախճանվել է Լիլի Չուգասզյանը
ԱՄՆ-ում վախճանվել է օպերային արվեստի նշանավոր դեմքերից մեկը` աշխարհահռչակ օպերային երգչուհի, բացառիկ կոնտրալտո Լիլի Չուգասզյանը: Այս գույժը հաստատեցին մշակույթի նախարարությունից:
Լիլի Չուգասզյանի ընտանիքը գաղթել է Սեբաստիայից (Արևմտյան Հայաստան): Նա մանկուց երգել է երաժշտական երեկույթներում, դպրոցական համերգներում, տոնական միջոցառումների ժամանակ և այլն:
Չուգասզյանն աշակերտել է հայտնի երաժիշտ Ֆիլիպ Մանուելին: 1950-ական թվականներին երգել է հայկական եկեղեցիների երգչախմբերում: 1959 թ-ին հանդես է եկել Լիթլ Ռոք քաղաքի օպերային թատրոնում և արժանացել է մեծ ճանաչման: Երգել է նաև Արկանզասի, Բալթիմորի օպերային թատրոններում:
1961 թ-ին կոմպոզիտոր Ջանկառլո Մենոտտին Չուգասզյանին հրավիրել է երգելու Ապոլետոյի (Իտալիա) փառատոնում, որտեղ հասել է մեծ հաջողության: 1962 թ-ից եղել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի մեներգչուհի, 1980-ական թվականների վերջից՝ խորհրդատու, դասավանդել է Յեյլի համալսարանում:
Չուգասզյանը կատարել է շուրջ 30 գլխավոր դերերգեր՝ Նորմա (Վինչենցո Բելլինիի «Նորմա»), Ամներիս, Ազուչենա (Ջուզեպպե Վերդիի «Աիդա», «Տրուբադուր»), Ֆլորա (Մենոտտիի «Մեդիում»), Դալիլա (Սեն Սանսի «Սամսոն և Դալիլա») և այլն: Համերգներով ելույթներ է ունեցել աշխարհի լավագույն նվագախմբերի և անվանի դիրիժորների (Լեոպոլդ Ստոկովսկի, Լեոնարդ Բեռնստայն, Հերբերտ ֆոն Կարայան և ուրիշներ) հետ: Բացառիկ ձայնածավալի շնորհիվ տարբեր ոճերի երգերի (Յոհան Սեբաստիան Բախ, Ֆրանց Շուբերտ, Յոհաննես Բրամս և ուրիշներ) հետ երկացանկում ունեցել է նաև մեծակտավ գործեր՝ Բախի պասսիոններից, կանտատներից, օրատորիան, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Մեսսան», Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ»-ները, Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի և Ջոակինո Ռոսսինիի «Ստաբատ մատեր»-ները և այլն: Կատարել է նաև հայկական երգեր («Կռունկ», Ալեքսանդր Սպենդիարյանի «Օրորոցային» և այլն): 1967 թ-ին հանդես է եկել Երևանի օպերայի և բալետի թատրոնում՝ Փառանձեմի (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»), Ամներիսի դերերգերով և համերգներով:
1978 թ-ին Վաշինգտոնում` Սպիտակ տանը, երգել է հայերեն:
Չուգասզյանն արժանացել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության Պետրոս Ադամյանի անվան մրցանակին (1981 թ.):