Երկու մահ Գյումրիում. Սպանություն խանդի հողի վրա և տարօրինակ զուգադիպում
Գյումրիում նախօրեին կատարված սպանությունը խանդի հողի վրա է տեղի ունեցել: Շրջանառվող այս լուրը հավակնում է հաստատուն վարկածի, քանի որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ իր հերթին այսօր միանգամից հայտարարեց ` այս սպանությունը քաղաքական ենթատեքստ չունի:
Երեկ Գյումրիում սպանված 27-ամյա Կարեն Եսայանը, որն այսօր պետք է նշանվեր Գյումրու քաղաքապետի դստեր հետ, ըստ մեր տեղեկությունների, մարտ ամսին էր վերադարձել Ամերիկայի Միացյալ նահանգներից:
Կրկին ըստ մեր աղբյուրների` երիտասարդը «Green քարտ» էր շահել 4 տարի առաջ, մեկնել ԱՄՆ և վերջերս վերադարձել էր Գյումրի` իր սիրած աղջկա հետ նշանվելու նպատակով: Սակայն աղջկան սիրահարված մեկ այլ երիտասարդ, խանդից գնացել է սպանության /ըստ լուրերի` կա կասկածյալ /:
Ոստիկանությունն առայժմ ձեռնպահ է մնում որևէ հստակ տեղեկատվություն տրամադրել` պատճառաբանելով, որ գործը նախաքննության փուլում է: Գործի շուտափույթ բացահայտման մասին այսօր լրագրողներին հայտարարեց Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Չբացահայտված հանցագործություն չի կարող լինել և այս գործը բացառություն չէ», -ասաց նա:
Ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ որդու սպանված լինելու մասին հաղորդում է տվել Ռ. Եսայանը: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, ապրիլի 12-ին, ժամը 20.10-ին, Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարևանությամբ` «Սև Բերդ» տանող ճանապարհին, հայտնաբերվել է «Մերսեդես-200» ավտոմեքենան, ղեկի մոտ՝ Կարեն Եսայանի դիակը` գլխի մասում հրազենային վնասվածքի հետքով:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս դեպքից հետո դարձյալ Գյումրիում տեղի ունեցած մահվան մեկ այլ դեպք տարակուսանք առաջացրեց մարդկանց շրջանում: Այս գիշեր ժամը 00.50-ի սահմաններում, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, 1989 թ. ծնված Ռաֆիկ Մուրադյանը «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 1954 թ. ծնված Վահրամ Բեյբությանին, որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենան հետապնդվել և կանգնեցվել է Կոշտոյան փողոցում: Վարորդը բերման է ենթարկվել Շիրակի մարզային վարչություն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրին, որ վրաերթի հետևանքով մահացած քննիչը Գյումրու քաղաքապետի դստեր փեսացուի սպանության գործով նախաքննություն իրականացնող քննչական խմբի անդամներից է:
Մեր աղբյուրները պնդում են, որ քննիչի մահը զուգադիպություն է և բոլորովին կապ չունի երիտասարդ Կարեն Եսայանի սպանության հետ. Բեյբությանը առանց լուսավորության, մութ փողոցն անցնելիս է եղել և այդ ժամանակ էլ վարորդը արագության տակ վրաերթի է ենթարկել նրան: Քննիչին վրաերթի ենթարկած վարորդն այժմ ձերբակալված է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում