Հիմա Օսկանյանը ԲՀԿ-ի՞ց է, թե՞ ԲՀԿ-ից չէ
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, հանգրվանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնակ ցուցակի երկրորդ հորիզոնականում, բավականին ակտիվ ու տեղ-տեղ նաև ագրեսիվ քարոզարշավ է ծավալել: Այդ քարոզարշավի մեկ այլ յուրահատկություն էլ դրա կտրվածությունն է ընդհանուր թիմի գործողություններից:
Օրինակ, Վարդան Օսկանյանի անունից տարածվում են հաղորդագրություններ, որոնք ստորագրված են «Վարդան Օսկանյանի գրասենյակ» (ինչն արդեն իսկ զարմանալի է, քանի որ «գրասենյակ» որպես այդպիսին, ունեն էքսնախագահները), այլ ոչ, ասենք, «ԲՀԿ մամլո գրասենյակ»: Կամ` նախկին արտգործնախարարն ինքնուրույն նախընտրական հանդիպումներ է ունենում, ելույթներ ունենում, կարծես առաջադրված լինի ոչ թե համամասնակով, այլ մեծամասնականով:
Տպավորությունն այնպիսին է, որ նա դեռևս չի ինտեգրվել ԲՀԿ-ի թիմին և սեփական, առանձին խաղն է խաղում: Սակայն ձեռքի տակ ունենք ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի բավականին հստակ պարզաբանումը` «Եթե պարոն Օսկանյանը միացել է այդ նախաձեռնությանն ու ստորագրել այն, նշանակում է, որ դա եղել է Գագիկ Ծառուկյանի իմացությամբ ու լիազորությամբ, քանի որ այլ կերպ մեր կուսակցությունում չի կարող լինել, ընդունված չէ»,- ասել էր տիկին Զոհրաբյանը` վստահեցնելու համար, որ Օսկանյանի գործողությունները («միասնական շտաբին» միանալու մասով) ինքնագլուխ չեն:
Ըստ այդմ, կարելի է հասկանալ, որ պարոն Օսկանյանի բոլոր այն գործողություններն ու հայտարարությունները, որոնց առնչությամբ պաշտոնական հերքում կամ պարզաբանում չի տրվել հենց ԲՀԿ-ի կարծիքն է, որ կա: Այսքանը մեթոդաբանության մասով, այժմ` քննենք պարոն Օսկանյանի վերջին օրերի գործունեությունը:
Ուշագրավ իրողություններից մի քանիսն արձանագրվել են բլոգերների հետ նախկին արտգործնախարարի հանդիպման ժամանակ: Հանդիպման մանրամասների մասին տեղեկանում ենք բլոգեր «Ոզնու» գրառումներից:
Մադրիդյան սկզբունքների մասին, որոնք կողմերին ներկայացվել են հենց պարոն Օսկանյանի օրոք և որոնց քննադատության համար նախկին արտգործնախարարը ուժ ու եռանդ չի խնայել, նա ասել է. «Դրանց ստորագրման պահին և ցայսօր այդ սկզբունքները լավագույնն էին, որին կարող էինք մենք հասնել ղարաբաղյան կարգավորման հարցում»: «Ստորագրում» բառի կիրառությունն, իհարկե, ավելորդ է, բայց չբացառելով, որ դա ոչ թե Օսկանյանի այլ հարգելի բլոգերի ներմուծած տերմին է, չֆիքսֆենք այլ ընդամենը արձանագրենք, որ փակ զրույցներում պարոն Օսկանյանը ձեռնպահ է մնացել քննադատությունից:
Ավելին` հողերի վերադարձման մասով նա նշել է, որ «քանի դեռ Ադրբեջանը փաստացի չի ճանաչում Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հողերի վերադարձման մասին խոսք լինել չի կարող, իսկ երբ որ նրանք ճանաչեն, այդ ժամանակ էլ կարելի կլինի վերադարձման շուրջ փաթեթային բանակցություններ վարել»:
Մի կողմ դնենք այն հանգամանքը, թե պարոն Օսկանյանի այս մոտեցումը որքանով ընդունելի է կամ ոչ: Բայց հարց է ծագում` բա որ այդպես է, պարոն Օսկանյան, երեք-չորս տարի ջանասիրաբար ի՞նչն եք քննադատում: Որքանով կարելի է դատել Էդվարդ Նալբանդյանի պաշտոնավարման օրոք այս գծից մի միլիմետր շեղում չի եղել, ավելին` ի տարբերություն Ձեր պաշտոնավարման շրջանի եղել են հստակ ձեռքբերումներ` կոնկրետ փաստաթղթերի տեսքով (Հելսինկի, Աթենք, Լ՛Ավիլա, Մուսկոկա, Աստանա):
«Կուսակցություն ես եկել եմ, որպեսզի հաղթեմ ընտրություններում և թույլ չտամ ՀՀԿ-ին խորհրդարանում որոշիչ մեծամասնություն ունենալ»,- ըստ բլոգերի` ասել է Վարդան Օսկանյանը: Ընդունեք, որ այս մոտեցումը լիովին տեղավորվում է «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսի շրջանակներում և այն թեզի, որ «թող լինեն կոմունիստները, դաշնակցությունը, ով ուզում է լինի, միայն ոչ հանրապետականը»:
Եթե ընտրությունների մասնակցության այս մոտիվացիան համադրում ենք Վարդան Օսկանյանի այն գնահատականի հետ, որ` «այո, կուսակցության իմիջը միանշանակ չէ, բայց ես պատասխանատու չեմ բոլորի համար», ապա դժվար է հասկանալ, թե ինչու է նա ընտրել ԲՀԿ-ն, այլ ոչ` ՀԱԿ-ը: Մանավանդ որ, նույն բլոգերներին նա վստահեցրել է` «պատրաստ եմ անգամ լինել խորհրդարանական փոքրամասնության կազմում»:
Վարդան Օսկանյանի մյուս հայտարարություններին կարելի է ծանոթանալ վերը նշված բլոգում, բայց մի քանի գոհարներ, որոնք ուղղակի առնչություն ունեն ընթացիկ քարոզարշավի և մայիսի 6-ին կայանլիք քվեարկության հետ, բոլոր դեպքերում հարկ ենք համարում մեջբերել:
«Իսկ ինչու ոչ` երկրին ցնցումներ են պետք ու արտաքին սպառնալիքներից վախենալ պետք չէ»:
«Եթե ԲՀԿ-ն զգա, որ մեր ձայները գողացել են կամ ընտրությունները կեղծված են, մենք պատրաստ ենք հարյուր հազար մարդ դուրս բերել փողոց»:
Հետաքրքի՞ր է` դիրքորոշումը պարոն Օսկանյանի մոտ ծնվել է 2008թ. մարտի 1-ին տված ասուլիսից առա՞ջ, թե՞ հետո:
Ի դեպ, Վարդան Օսկանյանը բլոգերների հետ անկեղծացել է` ասելով. «Ինձ մինչև օրս մինչև վերջ չեն ընդունել կուսակցություն, ես էլ շատ հաճախ դիրքավորվում եմ որպես առանձին մասնավոր անձ, ինչպես մեր այսօրվա հանդիպման ժամանակ: Բայց ես պատրաստ եմ նվիրվել կուսակցությանը և աշխատել նրա հաջողության համար»:
Էլ ավելի ուշագրավ են Վարդան Օսկանյանի վերջին` «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ արած հայտարարությունները: Սակայն դրանց կանդրադառնանք հաջորդիվ` մինչ այդ հույս ունենալով, որ ի վերջո կողմերից որևէ մեկը (ԲՀԿ-ն կամ ինքը` Վարդան Օսկանյանը) վերջնականապես կհստակեցնի` Օսկանյանը ԲՀԿ-ի՞ց է, թե՞ միայնակ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում