Սերժ Սարգսյան. «Պետք է ոչ միայն գյուղատնտեսությունը զարգացնել, այլև ստեղծել հարմարավետ գյուղ»
ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն այսօր Արարատի մարզի Այնթափ գյուղական համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ պետք է ոչ միայն զարգացնել գյուղատնտեսությունը, այլև ստեղծել հարմարավետ գյուղ: Երկրի ղեկավարի խոսքով` կառավարության նպատակը գյուղում հարմարավետ կյանքի ստեղծումն է: «Ինչքան էլ զարգացած լինի գյուղատնտեսությունը, մարդկանց պայմաններն էլ պետք է հարմար լինեն, տարբերությունը շատ քիչ լինի, կամ գրեթե չլինի քաղաքների հետ, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել արդյունավետ և դաստիարակեն իրենց զավակներին, ունենան հասանելի, որակյալ ծառայություններ»,- նշեց Ս.Սարգսյանը:
Նա կոչ արեց կրկին վստահել ՀՀԿ-ին, որովհետև իրենք պատրաստակամ են շարունակել և ավարտին հասցնել սկսված ծրագրերը:
Ս. Սարգսյանը նշեց, որ որոշ խնդիրներ գտնում են իրենց լուծումը և վստահեցրեց, որ կառավարությունը ավելի ակտիվ է աշխատելու այդ ծրագրերը իրականացնելու ուղղությամբ, որովհետև հիմա հնարավորությունները ավելին են, քան մինչ այդ:
Նա հիշեցրեց, որ Հայաստանը կարողացավ պատշաճ կերպով դուրս գալ 2008թ.-ի տնտեսական ճգնաժամից, ինչի մասին վկայում է անցած տարվա 5% տնտեսական աճը: «Տուժել ենք նաև մենք, բայց փառք Աստծո որևէ սոցիալական ծրագիր չենք կրճատել, կարողացել ենք պահել այն քիչ, բայց մեզ համար շատ կարևոր աշխատատեղերը, մի բան էլ կարողացել ենք ավելացնել: Հիմա էլ շունչ հավաքելու ժամանակ ունենք»,-ասաց նա:
Անդրադառնալով ներքին խնդիրներին, ՀՀ նախագահը խոստովանեց, որ այստեղ չի հաջողվել իրականացնել այն, ինչ ցանկալի էր: «Մի բան ակնհայտ է. փորձել ենք դա անել, շատ ջանք ենք արել այդ ուղղությամբ, իսկ եթե չի հաջողվել մինչև վերջ իրականացնել մեր ծրագրերը, դա մեզ չի վհատեցնում, ընդհակառակը` մեզ տրամադրում է ավելի ակտիվ աշխատանքի», - ասաց նա, վստահեցնելով, որ նորընտիր խորհրդարանում ՀՀԿ-ն ավելի արդյունավետ կաշխատի:
Նա կոչ արեց մայիսի 6-ին քվեարկել այնպես, որ ընտրություններից հետո ոչ ոք չփոշմանի իր կողմից տրված ձայնի համար: «Ընտրությունների արդյունքները շատ կարևոր են լինելու մեր երկրի համար: Մենք պետք է ընտրենք այնպիսի Ազգային ժողով, որը կարողանա շարունակել այն բարեփոխումները, որոնք մեր երկրում տեղի են ունենում»,- ընդգծեց ՀՀ նախագահը:
ՀՀԿ առաջնորդը այնթափցիներկին կոչ արեց նաև ընտրել ՀՀԿ մեծամասնական ցուցակով առաջադրված Մուրադ Մուրադյանին: