Ա. Խիտառով. Հույների ցեղասպանության հարցը շահարկման է ենթարկվում
«Պոնտոսի հույների ցեղասպանության հարցի բարձրացումն ինքնանպատակ չէ, սակայն անընդունելի է, երբ այն նախընտրական այս փուլում շահարկման հարց է դառնում: Այդ հարցը դեռևս բարձրացվել է 1998 թվականին, այդ ժամանակ մենք դիմել էինք ՀՅԴ-ին, սակայն այդպես էլ չընդունվեց: Հետագայում մեզ ասացին, թե խնդիրը կապված է Հունաստանի հետ, հենց Հունաստանի դեսպանատնից էին խնդրել այդ հարցը չարծարծել: Վերջին անգամ հարցը ՀՀ ԱԺ-ում ներկայացվեց մարտի 19-ին, սակայն օրենքի նախագիծը լրամշակման խնդիր ուներ և հարցը հետաձգվեց»,- մեկնաբանելով Հայաստանում գործող հունական «Պատրիդա» կազմակերպության ղեկավար Էդուարդ Պոլադովի այն հայտարարությանը, թե՝ Պոնտոսի հույների Ցեղասպանության հարցում ՀՀԿ-ն մշտապես ընդդիմացել է, իսկ արմատներով հույն Էդուարդ Շարմազանովը հույների ցեղասպանության «հարցը լավ չի ըմբռնել»՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտառովը:
Նշենք, որ Հունական հասարակական կազմակերպությունների միությունը, որի անդամ է նաև «Պատրիդա»-ն, միավորում է Հայաստանում գործող հունական 9-ը կազմակերպությունների:
«Ես այս հարցը մշտապես բարձրացրել եմ նաև իմ Հունաստան կատարած այցերի ժամանակ: Միաժամանակ ասեմ, որ Հունաստանը երբեք պաշտոնապես չի հայտարարել, թե հարցը մի արծարծեք, նրանք ուղղակի ասում են, որ Հունաստանն այդ հարցով լոբբինգ չի անում: Եթե մենք իսկապես ուզում ենք, որ Պոնտոսի հույների ցեղասպանությունն աշխարհում ընդունվի, ապա գոնե այդ օրը պետք է պաշտոնապես Հունաստանում նշվի: Այդ տեսանկյունից, դեռ մի շարք հարցեր կան, որոնք առաջին հերթին պետք է Հունաստանում լուծում ստանան»,- նշեց Ա. Խիտառովը:
Հարցին, թե՝ այդ դեպքում, ինչո՞ւ է այդ հարցը Հայաստանում շահարկվում, վերջինս ասաց. «Այդ հարցը Հայաստանում ուղղակի «օգտագործվում» է, անհարկի շահարկվում: Կարծում եմ՝ դա ավելի շատ ուղղված է մեր հայրենակից, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովի դեմ:
Որոշ քաղաքական ուժեր, ՀՀԿ-ի ու Է. Շարմազանովի ուղղության «ցեխ շպրտելու» մի ճանապարհ էլ համարում են այս հարցի շահարկումը, ուրիշ ոչինչ»:
Պատասխանելով այն հարցին, թե մարտի 19-ին հարցը քննարկման էր ներկայացվել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությամբ, սակայն այդպես էլ չդրվեց քվերակության, ի՞նչն եք այս հարցի ընդունման հիմնական խոչընդոտ դիտում, բանախոսն ասաց. «Ես «Ժառանգության» ներկայացուցիչներին էլ եմ ասել, որ ընտրական այս փուլում, այդ հարցը կարող է շահարկման առարկա դառնալ և նպատակահարմար էր այն ներկայացնել ավելի վաղ կամ ընտրական պրոցեսներից հետո: Իսկ ինչ վերաբերվում է այդ հարցում իշխանությունների, մասնավորապես՝ ՀՀԿ-ի մոտեցմանը, ապա ես դրան նորմալ եմ վերաբերվում: Այն կարևոր նախաձեռնություն է և այդ օրինագծի վրա պետք է առավել լավ աշխատել, լրամշակել, այդ ձևով նշյալ օրինագծի ընդունումն աննպատակահարմար էր:
Նշյալ խնդրի հետ կապված բավականին լուրջ պատմական հարցեր կան, մասնավորապես խոսքս Լոզանի պայմանագրի մասին է, որտեղ Հունաստանը ստորագրել է մի պայմանագրի տակ, որում նշվում է, որ Թուրքիայից հույները հեռացել են ոչ թե ցեղասպանության, այլ պատերազմի հետևանքով: Այդ փաստաթղթով Հունաստանում ապրող թուրքերը տեղափոխվել են Թուրքիա և հակառակը»:
Հարցին, թե՝ նախորդ կամ այս ընտրություններից առաջ արդյո՞ք Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ-ին աջակցելու նպատակով դիմել է հունական համայնքին, Ա. Խիտառովը նշեց. «Ոչ, մենք նրան աջակցում են մեր նախաձեռնությամբ, մեզ համար շատ կարևոր է ազգությամբ հույն ներկայացուցչի ներկայությունը խորհրդարանում, քանի որ նա մշտապես աջակցում է հունական համայնքին»:
Հարցին, թե այդ դեպքում, ինչպես կմեկնաբանեք ձեր գլխավորած միության կազմում գտնվող կազմակեպություններից «Պատրիդա»-ի ղեկավարի այն հայտարարությունը, թե Է. Շարմազանովը հունական համայքին խաբել է, իսկ Պոնտոսի հույների ցեղասպանության քննարկումների ժամանակ իրեն վատ է պահել, Խիտառովն ասաց. «Նման հայտարարություններն անընդունելի են ու ոչ մի կերպ չեն արտացոլում առկա իրավիճակը: Հակառակը, Է. Շարմազանովն այն քիչ մարդկանցից է, ով մշտապես համայնքի կողքին է ու բարձր հեղինակություն է վայելում»: