Վարդան Մինասյան. «Նորայր Մամեդովի ազգանվան փոփոխության գործընթացն սկսված է»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնել էր Բելգիա, որտեղ անցկացվում էր ՈՒԵՖԱ-ի հերթական սեմինար-հանդիպումը: Հանդիպման նպատակն էր քննարկել և մշակել մարզչական որակավորումն ավելի արդյունավետ դարձնելու նոր մեթոդներ:
Այնուհետև Վարդան Մինասյանը մեկնել էր Հոլանդիա` հետևելու Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Նորայր Մամեդովի խաղերին ու մարզումներին, հանդիպելու և զրուցելու նրա հետ: Վերադարձից հետո Վարդան Մինասյանը հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցին:
- Պարոն Մինասյան, նախ` ՈՒԵՖԱ-ի սեմինարի մասին: Ո՞րն էր նպատակը:
- Դա ՈՒԵՖԱ-ի հերթական սեմինար-հանդիպումն էր, որը նպատակ ուներ քննարկել, թե ինչպես պետք է աշխատել մարզիչների որակավորման բարձրացման ուղղությամբ: Անշուշտ, դրանք օգտակար հանդիպումներ են, քանի որ միշտ սովորելու ինչ-որ բան կա: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հիմա շատ լրջորեն աշխատում է մեր մարզիչների որակավորման բարձրացման ուղղությամբ: Ինչպես գիտեք, ՀՖՖ-ն նաև տրամադրում է մարզչական որակավորման արտոնագրեր, այդ թվում և առաջին անգամ` «Pro» կարգի արտոնագիրը, որի դասընթացը կմեկնարկի մայիսի 5-ից, և այդ սեմինար-հանդիպումները շատ արդյունավետ էին:
- Պարոն Մինասյան, Դուք հանդիպեցիք նաև Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Նորայր Մամեդովի հետ: Գիտեք, որ ֆուտբոլասերները սպասում են մեր հավաքականում նրա նորամուտին: Ի՞նչ տպավորություն ստացաք:
- Նախ ասեմ, որ ես ցանկանում էի հետևել Նորայրի խաղերին և մարզումներին ու հենց այդ նպատակով էի մեկնել Հոլանդիա: Ցավոք, Նորայրը չխաղաց, և ես չկարողացա նրան այդ առումով ուսումնասիրել, բայց դիտել եմ նրա մի քանի խաղերի տեսագրությունները և կարող եմ ասել, որ շատ լավ ֆուտբոլիստ է: Մենք կշարունակենք հետևել նրա ելույթներին: Նորայրը կարող է շատ օգտակար լինել ոչ միայն ազգային, այլ նաև երիտասարդական հավաքականին: Ինձ համար առավել կարևոր էր այն տպավորությունը, որ ստացա Նորայրից` որպես մարդու` Հայաստանի համար խաղալու առումով: Գիտեք, ես միշտ ասել եմ, որ հայրենասիրությունը և մարդկային որակները շատ կարևոր են այն մթնոլորտի համար, որը մենք ունենք մեր ազգային հավաքականում, և ինձ համար հաճելի էր, որ Նորայրն իր մտածողությամբ, պատկերացումներով համապատասխանում էր մեր մոտեցումներին:
- Պարոն Մինասյան, Նորայրը ե՞րբ կկարողանա հանդես գալ Հայաստանի դրոշի տակ:
- Գիտեք, բազմիցս նշել ենք, որ Նորայրը խնդիր ունի` ազգանվան հետ կապված, և նա այդ խնդրով արդեն դիմել է Հոլանդիայի համապատասխան մարմիններին: Ազգանվան փոփոխության գործընթացն սկսվել է, բայց հոլանդական օրենքներով դա տևում է մոտ 20 շաբաթ, որից հետո միայն կարող ենք Նորայրի Հայաստան գալու մասին խոսել: Պիտի ընդառաջենք նրա ցանկությանը և սպասենք: Նորայրն անպայման հնարավորություն կստանա` հանդես գալու Հայաստանի ազգային կամ երիտասարդական հավաքականում: