«Միայն ԵՊԼՀ ղեկավարության դիմադրությունը ստիպեց Ա.Աշոտյանին հրաժարվել բուհը կազմալուծելու մտադրությունից»
«Վերջին օրերին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և անձամբ նախարարը հիշատակեցին ԵՊԼՀ-ում տեղ գտած խախտումների թեման: Այդ առիթով, հայտարարում ենք, որ ՀՀ ԿԳ նախարարության կողմից 12.04.2012 թ.-ին կազմված «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին» ակտի քննարկումը նախատեսվում է ԵՊԼՀ ընդլայնված գիտական խորհրդի 17.04.2012թ. կայանալիք նիստում: Նիստին հրավիրված են նաև ՀՀ ԿԳ նախարար պարոն Արմեն Աշոտյանը և վերջինիս 19.03.2012թ. N 190 Ա/Ք հրամանով ստեղծված վերահսկողություն իրականացնող հանձաժողովի անդամները»: Այսպիսի բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել ԵՊԼՀ մամլո ծառայությունը:
Հաղորդագրությունում նշվում է նաև, թե հաշվի չի առնվել բուհի կողմից 12.04.2012 թ. ՀՀ ԿԳՆ կայքում տեղադրված ակտի վերաբերյալ տրված հայտարարությունը. «…սակայն մինչ այդ խնդրում ենք խուսափել «լուրջ խախտում» եզրույթից, քանի որ այն հասարակական ինքնագիտակցության հարթությունում մեկնաբանվում է որպես հանցագործություն և, ըստ էության, հանցագործության հոմանիշ է և բավարար հիմքերի բացակայության դեպքում այն անխուսափելիորեն պետք է մեկնաբանվի որպես սուտ մատնություն»:
Այնուհետ խնդրանք է հնչեցվում պատասխանատու անձանց ու լրատվամիջոցներին զերծ մնալ չճշտված տեղեկություններից ու գնահատականներից, քանի որ թե որքանո՞վ են խախտումները լուրջ և հիմնավոր պարզ կլինի ապրիլի 17-ին կայանալիք արտահերթ ընդլայնված գիտական խորհրդի նիստին:
ԵՊԼՀ մամլո ծառայությունը նաև անդրադարձ է կատարել նախօրեին ԿԳ նախարար Ա. Աշոտյանի ԵՊԼՀ-ի կազմալուծման վերաբերյալ տրված մեկնաբանությանը, որը նա անվանել էր աբսուրդային. «Իրավասություն չունենալով հերքել կամ հավաստիացնել այդ լուրերը՝ համենայնդեպս ուզում ենք հայտարարել, որ նման լուրերի համար հիմք կարող են ծառայել նախարար Աշոտյանի գործունեությունը, նրա արձակած հրամանները և համալսարանին ուղղված գրությունները: Որպես օրինակ հրապարակենք ՀՀ ԿԳՆ 12.03.2010թ. 95-Ա/Ք հրամանը՝ 031100-«Լեզվաբանություն» և 031200-«Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտությունների գծով գործունեության թույլտվություն ստանալու հայտը մերժելու մասին:
Եթե այդ հրամանը մտներ ուժի մեջ, ապա բուհը կզրկվեր «Լեզվաբանություն» և «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտություններից, իսկ ԵՊԼՀ ուսանողները պիտի տեղափոխվեին լիցենզավորված այլ բուհեր: Համալսարանում մնալու էր 3 մասնագիտություն՝ մանկավարժություն, միջազգային լրագրություն, կրթության կառավարում՝ մոտ 4000 ուսանողից մոտավորապես ունենալով 400 ուսանող:
Բնական է, որ նման բուհի գործունեությունը դժվար թե համարվեր նպատակահարմար, և այն կմիացվեր համապատասխան պրոֆիլ/ուղղվածություն ունեցող բուհի, ավելին՝ ՀՀ գործող օրենսդրության համաձայն շենքը ենթակա կլիներ վաճառքի:
Միայն համալսարանի ղեկավարության դիմադրությունն ստիպեցին պարոն Աշոտյանին հրաժարվել նման դիրքորոշումից»,- մասնավորապես ասված է այս կապակցությամբ տարածված հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան