«Մաքուր ջուրը» տուգանքը մուծել է, բայց պատրաստվում է բողոքարկել ՏՄՊՊՀ-ի որոշումը
«ՄԳԱ Վոթըր» ընկերությունը («Մաքուր ջուր» ապրանքանիշ) ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ) է ներկայացրել տուգանքի վճարման անդորրագիր: Այսպիսով, ընկերությունը վճարել է 5 մլն 300 հազար դրամ, ինչը օրենքով նախատեսված առավելագույն պատիժն է եղել՝ իր շրջանառության 1 %-ի չափով: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ-ի մամլո քարտուղար Գայանե Սահակյանը:
Բացի այդ, ըստ Գ.Սահակյանի, ընկերությունը Հանձնաժողովին վարչական բողոք չի ներկայացրել, չեն ստացել նաև ծանուցում այն մասին, որ ընկերությունը դիմել է դատարան՝ վիճարկելով հանձնաժողովի որոշումը:
Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն «ՄԳԱ Վոթըր» ընկերությանը մեղադրել էր անբարեխիղճ մրցակցության համար` կիրառելով օրենսդրությամբ սահմանված առավելագույն պատժաչափ` տուգանք տարեկան հասույթի 1%-ի չափով: Բացի այդ հանձնարարվել էր 5-օրյա ժամկետում վերացնել խախտումը:
Գ.Սահակյանը տեղեկացրեց, որ ընկերությունը խնդրել է, որ տեխնիկական վերազինման համար ժամկետը երկարաձգել 20 օրով:
«ՄԳԱ Վոթըր»-ի փոխտնօրեն Հակոբ Մաթոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թեև տուգանքը մուծել են, քանի որ դա օրենքն է պարտադրում, սակայն դատարանում բողոքարկելու են ՏՄՊՊՀ-ի որոշումը: «ՏՄՊՊՀ-ի որոշումը չենք ընդունում և ապացուցելու ենք, որ այդ որոշումը չի համապատասխանում այն օրենքներին, որոնք այսօր գործում են Հայաստանում»,- ասաց նա:
Նշենք, որ ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներում բացահայտվել էր, որ թեև ընկերությունը թե իր արտադրատեսակի վրա և թե գովազդներում նշում է, որ օգտագործում է բացառապես Գառնիի բարձրադիր լեռնային աղբյուրից հոսող ջուրը, սակայն այն իրականությանը չի համապատասխանում: Իրականում «Մաքուր ջուրը» շշալցվում է Նուբարաշենի տարածքում գտնվող քաղաքային ջրամատակարարման ցանցի ծորակներից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա