ՀԱԿ-ին զոռով սիրել են տալիս
Անդրադառնալով Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս նավասարդյանի այն հայտարարությանը, թե մարտ ամսվա հեռուստամոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ ՀԱԿ-ը չի արժանացել լրատվամիջոցների կողմից դրական ռեպորտաժների` «Голос Армении»-ն նկատում է, որ նախևառաջ մարտ ամսին, երբ պաշտոնական քարոզարշավը դեռ չէր էլ սկսել, հեռուստամոնիթորինգ իրականացնելը նվազագույնն անիմաստ է և ավելի շատ նման է գրանտային փողերի «լվացման»:
Բացի այդ, թերթը նշում է. «Լրատվամիջոցները պարտավոր են քարոզարշավի ընթացքում հավասար պայմաններ ապահովել բոլոր քաղաքական ուժերին, սակայն նրանք պարտավոր չեն զբաղվել այս կամ այն քաղաքական ուժի գովասանքով, դա մոտավորապես նույնն է, եթե պարոն Նավասարդյանը պահանջեր «Հայկական ժամանակ» թերթից գովաբանել իշխող կուսակցություններին»: «ГА»-ն վրդովմունք է հայտնել Բ. Նավասարդյանի հայտարարության կապակցությամբ` նշելով. «Ինչու՞ պետք է այն լրատվամիջոցները, որոնք հիշում են, թե ինչպես էր 90-ականներին խոսքի ազատությունը հետապնդվում լևոնական ռեժիմի կողմից և ինչ ֆիզիկական խոշտանգումների էին ենթարկվում լրագրողները, գովաբանեն ՀԱԿ-ին»:
Թերթը նաև նկատում է, որ ՀԱԿ-ից բացի, կան շատ այլ ընդդիմադիր կուսակցություններ, որոնց վերաբերյալ դրական ռեպորտաժներ մարտ ամսին չեն եղել, սակայն Բորիս Նավասարդյանը, չգիտես ինչու, միայն ՀԱԿ-ի համար է «մտահոգվել»: