Երուսաղեմի Սուրբ Կրակը վառվեց. այս տարի աշխարհի վերջ չի լինելու
Երուսաղեմում` Տիրոջ Գերեզմանի տաճարում հազարավոր մարդիկ ականատես դարձան ուղղափառ Զատիկի հրաշքներից մեկին` Սրբազան Կրակի հրաշքին: Ամեն տարի Ավագ շաբաթ օրն այս հրաշքը տեղի է ունենում այս եկեղեցում, սուրբ Զատկի նախօրեին: Նշենք, որ վաղը` ապրիլի 15-ին Քրիստոսի Հարության օրն են տոնում ուղղափառ եկեղեցիների, ինչպես նաև հին տոմարին հետևող Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները:
Ինչպես հայտնում է NTV ռուսական հեռուստաընկերությունը, կրակը վառվել է Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոսի հանդիսապետությամբ ուխտավորների աղոթքների ժամանակ: Այն «իջել է երկնքից» 15 րոպեի ընթացքում:
Պատրիարքը փոխանցեց կրակը հավատացյալներին, որոնք վառեցին 33 մոմից կազմված փունջը, որը խորհրդանշում է Քրիստոսի տարիքը: Ի դեպ, առաջին մի քանի րոպեներն այդ կրակը չի այրում մաշկը կամ մազերը, և հավատացյալները, ըստ ավանդույթի, կարողանում են նույնիսկ լվանալ ձեռքերն ու դեմքերը:
Եկեղեցին լեցուն էր հավատացյալներով, ինչպես ուղղափառ արաբներով և ուխտավորներով, այնպես էլ մահմեդականներով, որոնք ևս հավատում են Սուրբ Կրակի զորությանը: Կրակը կտարվի նաև ուղղափառ երկրների մայրաքաղաքները` մանսավորապես` Մոսկվա և Բելգրադ:
Նշենք, որ հազարամյակներ շարունակ գիտնականները չեն կարողանում բացատրել այս երևույթը: Բազմաթիվ անգամ փորձ է արվել բացահայտել կրակի հայտնման գաղտնիքը. հնչել են կարծիքներ, թե դա կրոնական նկատառումներով արվող կեղծիք է: Որոշ գիտնականներ նաև կարծում են, որ այս դեպքում կարելի է խոսել աղոթքի ժամանակ հավատացյալների կողմից վերգիտակցային ազդեցության, հատուկ էներգետիկ դաշտի մասին:
Ըստ քրիստենեական ավանդապատումների, եթե Սուրբ կրակը չիջնի, դա կնշանակի, որ Աստված այլևս երես է թեքել մարդկությունից: Այսօրվա հրաշքը փարատում է այն «մարգարեությունները», թե այս տարի աշխարհի վերջ է լինելու: Հատկանշական է նաև, որ հրաշքը տեղի է ունենում Տիրոջ Գերեզմանի տաճարի` Հայաստանյաց Առաքելական եկեղեցու իրավասության տակ գտնվող մասում: