Ս. Սաֆարյանը «Ժառանգության» վերաբերյալ Ծառուկյանի հայտարարությունը տղայական մակարդակի է համարում
«Ժառանգության» խմբակցության ղեկավար, պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը «Ժառանգության» վերաբերյալ տղայական մակարդակի է համարում:
Հիշեցնենք, որ երեկ Արմավիրում լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է ԲՀԿ նախագահը մեկնաբանում «Ժառանգության» պահանջը, որպեսզի միասնական շտաբի ձևավորման փաստաթղթի տակ ստորագրությունը դրվի անպայման կուսակցության ղեկավարների մակարդակով, Գ. Ծառուկյանը պատասխանել է. «Եթե համապատասխան խաղեր ունի, թող կատարի, բայց «Ժառանգությունը» շատ փոքր է, որ ինչ-որ պահանջներ ներկայացնի»:
«Ես ճիշտն ասած զարմացած եմ, որ քաղաքական կուսակցության առաջնորդը կարող է իրեն թույլ տալ ոչ քաղաքական պատասխան տալ քաղաքական առաջարկին: Եթե ուզում են ապացուցել, որ իրենք քաղաքական ուժ են և ունեն գաղափարախոսություն, գոնե այդ գաղափարախոսության շրջանակում պատասխանը տան: Պատասխանը լինի քաղաքական, որպեսզի մարդիկ էլ հասկանան գործ ունեն քաղաքական առաջնորդի, թե սովորական մի քաղաքացու հետ, ով իր պատասխանները տալիս է տղայական մակարդակում: Ցավում եմ, բայց այդ տպավորությունն է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ս. Սաֆարյանը:
Նրա խոսքով, քաղաքականության մեջ փոքր ու մեծի խնդիր չկա: «Եթե իրենց կառուցած երկրում հալածանքներին, հետպանդումներին, ճնշումներին, բոլոր տեսակի ռեսուրսներից զրկված ընդդիմությունը փոքրն է, ապա ես խորհուրդ կտայի, որ «Բարգավաճ Հայաստան»-ը կոալիցիայից դուրս գար և ընդդիմություն դառնար, և կտեսնենք, թե ինչ է մնում «Բարգավաճ Հայաստան»-ից` փոքր է մնում, թե՞ մեծ»:
Պատգամավորից հետաքրքրվեցինք, թե ինքն էլ պատգամավոր է ու զենք կրելու իրավունք ունի, քարոզարշավներին զենքո՞վ է գնում:
«Ոչ, կարծում եմ, մենք հինգ տարվա մեր գործունեությամբ ապացուցեցինք, որ պատգամավորը սովորական մարդ է, ով նստում է երթուղային տաքսի, ով օգտվում է Մետրոպոլիտենի ծառայությունից, սկսած մեր առաջնորդից, ով չի շրջում թիկնազորով, ով ապրում է շատ համեստ կենցաղով, ինչպես մեր համաքաղաքացիները: Ես երբեք չեմ մտածել, որ ինձ զենք պետք է: Ես զենքից օգտվելու ցանկություն հայտնածների հետ կապված որևէ քննադատություն չունեմ բացարձակապես, բայց ես երբևիցե չեմ գտել, որ ես դրա կարիքն ունեմ, կամ այդ զենքը ինձ փրկելու է ինչ-որ մի բանից»,-ասաց նա:
Նա ընդգծեց, որ բոլորիս փրկությունը պետություն ունենալն է, ու ոչ թե «պետության ներսում կուսակցապետություն ունենալը»:
Նախորդող հրապարակում`
«Ամոթ Ձեզ». Ծառուկյանի պատասխանը` ատրճանակի մասին հարցին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները