«…Թե չէ ձեր համար վատ կլինի». Խոչընդոտել են Փաշինյանի քարոզարշավը
Մալաթիա-Սեբաստիա համայնքի Բանգլադեշ թաղամասում այսօր խոչընդոտել են այդտեղ` թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը: Այդ մասին տեղեկացնում են Փաշինյանի նախընտրական շտաբից:
«Երիտասարդները նախընտարական նամակներ են բաժանել Բաբաջանյան 97 և 99 շենքերում, երբ երկու բնակիչ մոտեցել են և հայտարարել, որ ինչ-որ մեկը իրենց ասել է, որ «էդ Նիկոլի» նամակներն են ու երիտարդները դադարեցնեն բաժանելը, թե չէ «ձեր համար վատ կլինի»: Կանայք երիտասարդներին հայհոյել են, քաշքշել, այնուհետև նրանց է մոտեցել մի հաստավիզ երիտասարդ, նույնպես հայհոյել Նիկոլ Փաշինյանի շտաբի ներկայացուցիչներին»,- նշվում է շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
Տեղեկանում ենք նաև, որ այս պահին երիտասարդներըդադարեցրել են նամակների բաժանումը:
Նույն թաղամասի մեկ այլ հասցեում ևս խոչընդոտներ են եղել. «Բանգլադեշ Ա1 թաղամասում` Սվաճյան 37 հասցեում խոչընդոտել են 7-րդ ընտրատարածքի Հայ Ազգային Կոնգրեսի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը. երիտասարդները Նիկոլ Փաշինյանի հետ միասին նամականեր են բաժանում ընտրողներին, որը փորձում են կանխել նույն տարածքի Հանրապետական կուսակցության թեկնածու Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները»:
Շտաբից նաև տեղեկացնում են, որ այս մասին արդեն համապատասխան հաղորդում է տրված իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք, որ թիվ 7 ընտրատարածքում առաջադրվել է չորս թեկնածու` Նիկոլ Փաշինյանը, Սամվել Ալեքսանյանը, Վարդան Վարդանյանը և Տիգրան Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա